Նորություններ
Լրահոս
Երեխայի լավագույն շահը պետք է դարձնել օրակարգի հիմնական խնդիր
21.11.2018
Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը ներկա էին Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ Նելլի Դուրյանը, Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը և մասնագետները, մարզպետարանի կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքների պետեր, դպրոցների տնօրեններ, ինտեգրված սոցիալական ծառայողներ և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նպատակը անչափահասների հետ տարվող, ինչպես նաև ներընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների քննարկումն էր:
Նելլի Դուրյանի ելույթը հենց այս երկու դրույթները օրակարգի առաջնային թեմա դարձնելուն էր վերաբերում:
Կոտայքի մարզում անչափահասների հետ տարվող աշխատանքների հետ կապված տեղեկատվությամբ հանդես եկավ մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը:Վերջինս նշեց հատկապես համակարգչային խաղերի վտանգավորության մասին:
Քննարկման վերջում ներկաների կողմից արձանագրվեց մեկ կարևոր դրույթ. երեխայի լավագույն շահը դարձնել օրակարգի հիմնական խնդիր՝ այդ հարցում ապահովելով ընտանիքի, ՏԻՄ և Տարածքային կառավարման մարմինների, հանրակրթական դպրոցների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ: Այն ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից:
Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների ուժեղացմանը, գենդերային իրավահավասարության արդյունավետ մեխանիզմների կայացմանը: