Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ
16.11.2018
Մարզխորհրդի նիստը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ներկա էին ԱԱԾ և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ, մարզի համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ:
Նիստի օրակարգում նախատեսված երեք կետերը վերաբերում էին ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, 2018թ.-ի տասը ամիսների կտրվածքով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքային նշանակության հողերի աճուրդների պատշաճ կազմակերպմանը և մի շարք համայնքներում շենք-շինությունների օրինականացման գործընթացների կազմակերպման ընթացքին:
Կոտայքի մարզում ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Հ.Ալեքսանյանը՝ նշելով, որ մարզի համայնքներում այս պահին ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ կարգի, բացթողումներ և օրակարգային շեղումներ չկան: Այս կոնտեքստում կարևորվեց համայնքների ղեկավարների պատրաստակամությունը ներդնել ջանքերը՝ անհրաժեշտ բոլոր քայլերի արդյունավետ իրականացման համար:
Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Գ.Գուլյանը:
Բոլոր հարկատեսակները միասին վերցրած՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը գոհացուցիչ չէ: Մի շարք համայնքներում առավել ցածր կատարողականներ են արձանագրվել հատկապես հողի և գույքի վարձակալման վարձավճարների մասով: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համայնքների ղեկավարներին հորդորել է ներդնել բոլոր ջանքերը առաջիկա 1 ամսվա ընթացքում բարելավելու բոլոր հարկատեսակների գծով ցուցանիշները և մինչև տարեվերջ սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել առավելագույնի՝ անհրաժեշտության դեպքում դիմելով մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող մասնագետների օգնությանը:Առաջարկվեց նաև 2019թ.-ի բյուջեն հաստատելիս առաջնորդվել օրենքով սահմանված պահանջներով. վերանայել հավաքագրվող եկամուտների ելակետային ցուցանիշները և ապառքները, որպեսզի համայնքների կողմից հաստատված բյուջեն լինի իրատեսական:
Այլ հարցերի քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև համայնքային նշանակության հողերի հատկացումների ժամանակ հայտարարված աճուրդների կազմակերպման ընթացքին, կարևորվեց այս գործընթացի՝ հավուր պատշաճի, թափանցիկ և օրենքի բոլոր պահանջներին համապատասխան կազմակերպումը:
Մարզպետն անդրադարձավ նաև մի շարք համայնքներում գոյություն ունեցող ապօրինի շենք-շինությունների առկայությանը՝ հանձնարարելով համայնքների ղեկավարներին զգոն լինել, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իրավիճակը շտկելու համար:Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում պատկան մարմինները զերծ չեն մնալու նաև կտրուկ միջամտություններից: