Նորություններ
Լրահոս
Հետամուտ եմ լինելու խնդրի խորազնին ուսումնասիրմանն ու կարգավորմանը. Կոտայքի մարզպետ
13.11.2018
Չարենցավանի N3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակը վերլուծելու և հանգուցալուծում գտնելու համար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր մոտ է հրավիրել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին. քննարկվել են թե՛ նրան և թե՛ ծնողներին ու աշակերտներին հուզող մի շարք հարցեր:
Զերծ մնալով որևէ մեկնաբանությունից, որը կարող է նաև տարընթերցման առիթ հանդիսանալ՝ Ռոմանոս Պետրոսյանը հորդորել է օրենքով սահմանված կարգով բողոքարկել ընտրության արդյունքները լիազոր մարմնին՝ ԿԳՆ:
Ստեղծված իրավիճակը մարզպետը կքննարկի նաև դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամների հետ։
Բողոքարկման արդյունքում օրենքով սահմանված կարգով կստեղծվի հանձնաժողով, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ ԿԳՆ-ից, ՏԻՄ-ից և մարզպետարանից։
«Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորագույն դրույթը, որ ինձ համար անընդունելի և անհիմն են հանրային դժգոհության այն ակցիաները, որոնց չի նախորդել պատասխանատու պաշտոնյային հանդիպելու և մտահոգիչ թեմաների շուրջ պարզաբանումներ ստանալու փորձը: Վստահեցնում եմ, որ հետամուտ եմ լինելու կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած բոլոր փաստերի խորազնին ուսումնասիրմանն ու օրինականության սահմաններում խնդրի կարգավորմանը».-ասել է Ռոմանոս Պետրոսյանը։