Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Չարենցավան խոշորացված համայնքի վարչական շրջաններում էր

03.11.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղավ Չարենցավան խոշորացված համայնքի Ֆանտան, Կարենիս, Ալափարս, Բջնի և Արզական վարչական շրջաններում: Մարզպետի աշխատանքային թիմի առաջ խնդիր է դրված՝ լինել մարզի բոլոր համայնքներում, քանի որ սա խնդիրները վեր հանելու ամենաարդյունավետ տարբերակն է համարվում:
  Ֆանտան համայնքում անմիջապես նկատելի էր ճանապարհների ոչ բարեկարգ վիճակը, ինչը շտկելու համար Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին հանձնարարվել է հետևել խնդրի կարգավորմանը՝ պատրաստելով նաև վարչական շրջանի ղեկավարին ուղղված գրություն:
  Բոլոր համայնքներում, որտեղ կան մանկապարտեզներ, դպրոցներ, կրթամշակութային հաստատություններ ու բուժ. կետեր, մարզպետը ծանոթացել է առկա ռեսուրսներին, հնարավորություններին ու պարզել եղած խնդիրները:
Կարենիս համայնքում առկա է մանկապարտեզի խնդիր. համայնքի մոտ 3 տասնյակ նախադպրոցական տարիքի երեխաներ հաճախում են հարակից համայնքների մանկապարտեզներ, ինչը խոչընդոտ է հատկապես ձմռան ամիսներին: Վարչական ղեկավարին մարզպետը հանձնարարել է աշխատանքային կարգով կազմել նախահաշիվ՝ հաջորդ տարի համայնքի տարածքում եղած որևէ շինություն համայնքի կողմից ձեռք բերելու և այն որպես մանկապարտեզ ծառայեցնելու համար:
  Բջնիի մշակույթի կենտրոնի շենքը խիստ անմխիթար վիճակում է: Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով պետք է կատարվեն որոշակի ուսումնասիրություններ` հասկանալու այդ շենքի նպատակային օգտագործման հնարավոր այն տարբերակները, որոնք կապահովեն նաև համայնքի համար եկամտի որոշակի աղբյուրներ ու զարգացման հնարավորություններ: Բջնիում առկա են նաև տուրիզմի զարգացման որոշակի ռեսուրսներ, որոնցից է, օրինակ, ամրոցը, որը համայնքի այցեքարտերից է: Այցի շրջանակներում մարզպետը հասցրեց լինել նաև ամրոցում ու դրա տարածքից հավաքված իրերի նորաբաց փոքրիկ ցուցասրահում:
  Վարչական շրջանների ղեկավարների ու Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարի կողմից բարձրացված մի շարք խնդիրների մասով տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, մյուսները լինելու են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում` առաջին իսկ հնարավորության դեպքում լուծումներ գտնելու համար:
  __________
  Նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն` հնարավոր գործընկեր կազմակերպության ներկայացուցչի հետ մարզպետը այցելել է նաև Աբովյան համայնքի հարակից աղբավայր: Քննարկվել են աղբավայրը լիկվիդացնելու և եղած աղբը վերամշակելու հարցերը: Դիտարկվում են ամենաօպտիմալ լուծումները` ծխացող աղբավայրերի խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22