Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մոբիլ մանկապարտեզներ Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր և Նուռնուս գյուղերում

01.11.2018

Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր վարչական շրջանում, դպրոցին հարող տարածքում լքված շինությունը հիմնանորոգվել է որպես մոբիլ մանկապարտեզ և ծառայելու է համայնքի նախադպրոցական տարիքի 19 երեխաների կրթության գործընթացը կազմակերպելու համար։
  Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա էր հիմնանորոգված ու վերազինված այս շինության բացմանը, որի մի հատվածը կահավորվում է համայնքային ու վարչական շրջանի ղեկավարների նախաձեռնությամբ և օգտագործվելու է Դպրոցական կայուն սննդի ծրագրի իրականացման համար։ Հետագայում աշխատանքների վերակազմակերպման արդյունքում նպատակ կա փոքրիկ շինությունն ամբողջությամբ վերազինել՝ որպես համայնքային մանկապարտեզ։
  Նույն օրինակով մեկ այլ մոբիլ մանկապարտեզ այսօր բացվել է նաև նույն համայնքի Նուռնուս վարչական շրջանում։ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին այսպիսի կենտրոն ունենալու առիթով և ասել․ «Զերծ մնալով ավելորդ հանդիսավորությունից՝ պիտի ասեմ, որ այս ամենը մեզ հետաքրքրում է բացառապես բովանդակային առումով, որովհետև ես կարծում եմ, որ պետությունը տապալվել է այն համայնքներում, որտեղ չկան նման հաստատություններ։ ՄԵնք հիմա ստեղծում ենք նախադրյալներ այս իրավիճակը շտկելու համար»։
  Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհավորեց ներկաներին՝ կարևորելով մարզպետարան-համայնք-հասարակական կազմակերպություն համագործակցությունը, որը կարող է հանգեցնել նման արդյունքների։ «Սա ուղղակի վերանորոգված շինություն չէ, այս ամենի տակ կա գաղափարական հենք, ու դա է գլխավորը»,- ասաց Հ․Բալասյանը՝ հավելելով, որ համայնքային իշխանությունները պատրաստակամ են ներդնել նաև սեփական ջանքերն ու միջոցները՝ էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու համար։
  Ջրաբեր վարչական շրջանի ղեկավար Գևորգ Հայրապետյանն էլ այս մանկապարտեզի առկայությունը կարևորեց որպես համայնքի համար մնայուն արժեք հանդիսացող կառույց։ «Մոբիլ մանկապարտեզները՝ որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարարական ձև» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կոնսորցիումի կողմից։
  «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը մատնանշեց այն հիմնական սկզբունքը, որը վճռորոշ է եղել մոբիլ մանկապարտեզներ հիմնելու որոշումը կայացնելիս․«Երբ մենք խոսում ենք ավելի բանիմաց, կիրթ սերունդ ունենալու մասին, պետք է հիշենք, որ այդ կրթությունն ու դաստիարակությունը սկսվում է նախադպրոցական տարիքից, իսկ երեխան իր արժեքները ձևավորում է 3-5 տարեկան հասակում։ Յուրաքանչյուր ծնող բնակության համար ընտրում է այն համայնքը, որտեղ կրթության այս հնարավորություններն առկա են և իրենց երեխաների համար կան զարգացման և սոցիալականացվելու համար անհրաժեշտ պայմաններ»։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18