Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հիմնանորոգվել և վերաբացվել է Զովունու երաժշտական դպրոցը

31.10.2018

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա էր Զովունու երաժշտական դպրոցի բացմանը, որի կապակցությամբ դպրոցի աշակերտները հանդես եկան երաժշտական մի քանի կատարումներով: Մարզպետն իր շնորհավորական խոսքում առանձնահատուկ ընդգծեց յուրաքանչյուր համայնքում արտադպրոցական կրթական և մշակութային հաստատությունների արդյունավետ աշխատանքի կարևորությունը: «Այսօրվա այս քայլը ևս մեկ նշաձողով բարձրացնում է համայնքի կայուն զարգացման մակարդակը, և այն մեր բնակիչներին՝ մեր սիրելի փոքրիկներին արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու գրավական է: Մեր 67 համայնքներից շատ եզակիներում կարելի է տեսնել այսպիսի լուսավոր և լավ կահավորված երաժշտական դպրոցներ: Ցանկացած համայնքի համար նման հաստատության առկայությունը պատիվ է, իսկ քաղաքացիների համար՝ հնարավորություն, որ երեխաներին կարողանան հաղորդակից դարձնել արվեստին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Դպրոցի հիմնանորոգումն ու վերաբացումը լուրջ ձեռքբերում համարեցին նաև Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանն ու Զովունու երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլաննա Բոչորյանը, ով այս օրը կարևորեց մեծ ոգևորությամբ՝ համարելով այն դպրոցի տարեգրության պատմական օրերից մեկը. «26 տարի՝ ավելի քան քառորդ դար, մեր մանկավարժներն իրենց դրսևորել են հերոսաբար՝ եղած պայմաններում կրթելով և դաստիարակելով սերունդներ ու նրանց հասցնելով ամենատարբեր բարձունքների: Այսօր մեզ հետ ու մեր կողքին աշխատում են նաև մեր այդ աշակերտները: Այս ձեռքբերումը մեր բոլորիս նպատակն ու երազանքն է եղել»,- ասաց Ս. Բոչորյանը:
Համայնք կատարած այցի շրջանակներում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացավ նաև համայնքի մանկապարտեզում իրականացվող վերանորոգման աշխատանքներին: Երկարամյա դադարից հետո վերանորոգվող մասնաշենքում հնարավոր կլինի ընդունել նախադպրոցական տարիքի երեխաների ևս երկու խումբ, արդյունքում՝ մանկապարտեզը կգործի լիարժեք: Զովունու միջնակարգ դպրոցում ևս նորոգման աշխատանքներ են իրականացվում. առավելագույնը մեկ ամսից այստեղ կմեկնարկի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի «Տաք սննդի» բաղադրիչը:
Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանն ու Նորայր Սարգսյանը Զովունու մշակույթի տան բակում հանդիսավոր կերպով բարձրացրին հայկական եռագույն դրոշը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27