Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում այսուհետ կգործեն հանրային պաշտպանի գրասենյակներ. ստորագրվել է երկկողմ հուշագիր

18.10.2018

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հոկտեմբերի 17-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար ապահովել օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավական օգնություն ստանալու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի արդյունավետ իրացումը Կոտայքում:

«Փաստաբանների պալատի հետ համատեղ հուշագիր ստորագրելով՝ մենք ամրագրում ենք մեզ համար որպես առաջնային խնդիր դիտարկվող՝ իրավագիտակցության բարձրացմանն ուղղված տեխնիկական անհրաժեշտություն համարվող քայլերից մեկը: Նպատակն է՝ մարզում հասանելի դարձնել որակյալ իրավաբանական օգնությունը և հանրային պաշտպանի ինստիտուտը հանրության այն հատվածի համար, որն ունի դրա անհրաժեշտությունը»,-ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Համագործակցության շրջանակներում կիրականացվեն լայնամասշտաբ իրազեկման ծրագրեր, իսկ մարզի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ անվճար և արդյունավետ իրավաբանական օգնություն: Համագործակցության հիմնական ուղղություններն իրագործելու համար մարզպետարանը Փաստաբանների պալատին անվճար տրամադրելու է տարածք մարզպետարանի շենքում՝ պալատի հանրային պաշտպանի գրասենյակի՝ Հրազդան քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Գրասենյակից օգտվելու իրավունք կունենան նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր ունեն գրասենյակի անհրաժեշտություն:

Կարևորելով համագործակցության այս ձևը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ սա հետաքրքիր նախադեպ է և կարող է որպես օրինակ ծառայել նաև մյուս մարզերում նմանատիպ գրասենյակներ ունենալու համար:

«Բոլորս էլ գիտենք, որ մարդը և նրա իրավունքներն ու ազատությունները պետության կողմից ճանաչված բացարձակ արժեքներ են: Մեր ջանքերն ուղղված են լինելու մարդուն կարևորելուն, նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն»,- ասել է Արա Զոհրաբյանը:

Առաջիկայում ծրագրված է հանրային պաշտպանի գրասենյակներ ունենալ նաև Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27