Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Ոստիկանությունն իր դիրքերում է և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու». Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյան

10.10.2018

Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում առաջադրված թեկնածուների հետ, որին ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
 Հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մատնանշեց հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման և իրավապահ մարմինները: «Ընտրությունները պետք է անցկացվեն օրինականության սահմաններում՝ բարոյականության ու համակեցության բոլոր նորմերի պահպանմամբ: Հանրությունը պետք է տեսնի, որ մենք ունենք նոր իրողություն, որ ինքն ազատ է կատարել իր ընտրությունը՝ հիմքում ունենալով քաղաքական ու ծրագրային դրույթներ և ոչ մի լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր: Բոլորս պիտի գիտակցենք, որ ցանկացած պաշտոն մեզ պետք է բացառապես հանրային շահը սպասարկելու և մեր երկրում զարգացման նոր առաջնահերթություններ ապահովելու համար»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
 Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը փաստեց, որ աշխատանքային մոտ 30 տարիների ընթացքում նա ոստիկանությանը երբեք այնքան հզոր ու ուժեղ չի տեսել, որքան այսօր է: «Ուժեղ ենք, քանի որ գործում ենք միայն ու միայն օրենքի սահմաններում: Չկան պահանջներ, չկան հանձնարարականներ և սուբյեկտիվ որոշումներ: Հորդորս է բոլոր թեկնածուներին և նրանց աջակիցներին՝ լինել զգոն, քանի որ այսօրվանից ևեթ ոստիկանությունն իր դիրքերում է և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ պատրաստակամություն հայտնելով լինել ցանկացած թեկնածուի կողքին, ով որևէ հարցում կբախվի անօրինականության դրսևորման:
 Ռոմանոս Պետրոսյանն ու Արամ Հովհաննիսյանն իրենց խոսքում որպես առաջնահերթ դրույթ ամրագրեցին ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման առաջնահերթությունը՝ բոլոր կողմերի համար ստեղծված հավասար պայմաններում: «Մենք կարող ենք ունենալ նախադեպ, երբ համայնքի ղեկավար չընտրված թեկնածուի ծրագրային լավագույն դրույթները կիրագործվեն ընտրված թեկնածուի կողմից: Սա կլինի ձեր բոլորիդ ազնիվ նպատակների ու հանրային շահի գերակայությամբ մրցապայքար ունենալու լավագույն ցուցիչը»,- ամփոփեց Կոտայքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-19 12:18:37