Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Էպոսասացության հանրապետական մրցույթ-փառատոնում Կոտայքի մարզը լավագույնն է

09.10.2018

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսավեպին նվիրված էպոսասացության հանրապետական 6-րդ մրցույթ-փառատոնը:
 Արդեն ավանդական դարձած ամենամյա մրցույթ-փառատոնն անցկացվում է «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ինչպես նախորդ բոլոր փառատոններում, այս անգամ ևս փայլուն հանդես եկան մեր մարզի պատանի էպոսասացները: Գնահատող հանձնախմբի կազմը բավականին պատկառազդու էր. անվանի կոմիտասագետ և էպոսագետ Արթուր Շահնազարյան, նշանավոր գրականագետ Դավիթ Գասպարյան, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, Աշուղ Ռազմար Սասունցի, «Սասնա տուն» ՀԿ նախագահ Ավագ Ավագյան և այլք:
 Փառատոնի կազմակերպիչները մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորված 28 լավագույն էպոսասացների համար սահմանել էին մեկական առաջին, երկրորդ ու երրորդ և յոթ խրախուսական մրցանակներ:
Այդ հույժ պատասխանատու ստուգատեսում 10-ը մրցանակներից երեքը նվաճեցին Կոտայքի մարզի ներկայացուցիչները: Միլենա Մանասյանը (Հրազդանի N14 հիմնական դպրոց, 7-րդ դասարան) գրավեց առաջին տեղը, իսկ Արաքսի Ագոբյանը (Հրազդանի Պարույր Սևակի անվան N8 հիմնական դպրոց, 8-րդ դասարան) և Արշակ Գալոյանը (Աբովյանի N7 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) արժանացան խրախուսական մրցանակների: Հավելենք, որ արդեն կայացած վեց մրցույթ-փառատոնների արդյունքում (2-րդ փառատոնի ժամանակ մրցույթ չի անցկացվել, և բոլոր մասնակիցները հավաստագիր են ստացել) մեր մարզի էպոսասացները նվաճել են մեկ Գրան-Պրի գլխավոր մրցանակ. սա առայժմ միակ դեպքն է փառատոնի ողջ պատմության մեջ, մեկական առաջին և 2-րդ, երեք՝ 3-րդ, երկու՝ հատուկ և շուրջ 10 խրախուսական մրցանակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36