Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը անկախության տարեդարձի առիթով
21.09.2018

Շնորհավորում եմ ՀՀ արժանապատիվ քաղաքացու Անկախության տոնը:
Անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է ճիշտ այնպես, ինչպես պետականությունը: Եվ այսօր արդեն՝ շուրջ 27 տարի, մենք ունենք անկախ պետականություն, ինչը բոլորիս պարտավորեցնում է գործել ազատ և անկաշկանդ՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության կայացման և բարեկեցիկ կյանքի կառուցման: Մենք պետք է գիտակցենք, որ անկախությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրիցս, մենք ենք ընտրում որտեղ և ինչպես իրացնել այն և հանուն ինչ նպատակների:
Այն, ինչ ամիսներ առաջ տեղի ունեցավ մեր ազատ, անկախ երկրում, ապացույցն էր այն բանի, որ մենք իրապես ունենք ներքին ազատություն և անկախություն, և որ դա մի օր կարող է դուրս հորդալ և տարածվել՝ առանց սահմաններ ճանաչելու: Մենք պիտի ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր քաղաքացիները լինեն գիտակից և այս ներքին անկախությունն օգտագործեն որպես մի զորեղ գործիք՝ վերահսկողություն սահմանելու և պետականության դեմ ցանկացած ոտնձգության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքի ամբողջ խստությամբ հակադարձելու համար:
Անկախությունը հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է, և թող որ երբևէ այլևս մեզանում կասկած չլինի, որ մենք Ազատ, Անկախ ու Հպարտ պետության ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ենք: