Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին
06.09.2018
2018թ-ի սեպտեմբերի 8-ին համապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով Կոտայքի մարզպետարանի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը: Աշխատանքային խմբում ներառված են Կոտայքի մարզպետարանի վարչության պետեր, մարզային ենթակայության հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ակտիվ ներկայացուցիչներ և այլք:
Մեր մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրությունը սկսվում է մեզանից, և Կոտայքի մարզը Էտալոնային դարձնելու ճանապարհին շատ կարևոր է յուրաքանչյուրիս քայլը՝ քաղաքը, գյուղը, բակը բարեկարգելու չափազանց կարևոր գործում: Այս օրն ակնկալու ենք մեր բոլոր համաքաղաքացիների միասնական աշխատանքը՝ հանուն ավելի բարեկարգ և մաքուր Կոտայքի:
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մարզում կմաքրվեն հանգստի գոտիները, պատմամշակութային կոթողների և հուշարձանների տարածքները, ճանապարհամերձ գոտիները, խաղահրապարակները և հանրային ու մասնավոր նշանակության այլ տարածքներ:
Ստորև ներկայացնում ենք մի շարք համայնքներում իրականացվելիք աշխատանքները, որպեսզի ցանկության դեպքում քաղաքացիները տեղեկացված լինել, թե որտեղ և ինչպես կարելի է ներգրավվել այս աշխատանքներում:
Հացավան համայնքում կմաքրվեն ներհամայնքային ճանապարհները, փողոցները, բնական և պատմական հուշարձանների տարածքները, համայնքի վարչական տարածքով անցնող Գառնի-Գեղարդ մայրուղին,
Աբովյան համայնքում կմաքրվեն և կկոնսերվացվեն մի քանի աղբանոցների տարածքներ, կկառուցվեն ցանկապատներ,
Եղվարդ համայնքում համայնքային և ճանապարհամերձ տարածքների մաքրության և անօրինական աղբաթափման վերացման աշխատանքների նկատմամբ կսահմանավի հսկողություն,
Լեռնանիստում գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը և մանկապարտեզի տարածքը կմաքրվի,
Երևան-Սևան մայրուղու՝ Արզնի համայնքի հատվածում կիրականացվեն մաքրման աշխատանքներ,
Մի շարք համայնքներում կիրականացվեն պատմական հուշարձանների տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ և այլն:
Առանձնահատուկ ուշադրություն կուղղվի Հրազդան համայնքի «Եղևնիների պուրակ» անվանմամ հայտնի քաղաքային զբոսայգուն, որն այլևս վերադարձվել է համայնքի բնակչին: Այստեղ կփոխվեն հնամաշ ցուցանակները, կիրականացվի սանիտարական էտ, նախնական բարեկարգում, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել՝ ըստ նշանակության:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում կոտայքցիներին՝ միանալու համընդհանուր շաբաթօրյակին և ներդրում ունենալ այս պատասխանատու գործում:
Միասին մեր մարզը կդարձնենք ավելի մաքուր, բարեկարգ, Էտալոնային:
Սեպտեմբերի 8-ին Կոտայքի մարզպետարանում կգործի թեժ գիծ, որին կարող եք ուղղել ձեզ հուզող ցանկացած բնույթի հարց:
Թեժ գծի հեռախոսահամարն է 0223 2 13 73: