Նորություններ
Լրահոս
Մեր երեխաներն արժանի են ստանալու որակյալ կրթություն.Կոտայքի մարզպետը Բյուրեղավանի դպրոցներում էր
06.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային օրը սկսել է Բյուրեղավանի հիմնական և միջնակարգ դպրոցներ այցելությամբ:
Քաղաքում դպրոցների գործունեության մասով առկա են խնդիրներ, քանի որ հիմնական դպրոցը գերծանրաբեռնված է, և այստեղ հաճախող երեխաների թիվը գերազանցում է դպրոցի հնարավորությունները մոտ 2.5 անգամ, իսկ ավագ դպրոցը թերծանրաբեռնված է՝ աշակերտների սակավության պատճառով:
Կոտայքի մարզպետն անընդունելի համարեց նման անարդյունավետ պայմաններում երեխաների ուսուցման գործընթացը կազմակերպելը՝ հայտնելով, որ այս հարցին վերջնական լուծում տալու համար կձեռնարկվեն գործուն քայլեր:
Մարզպետը երկու դպրոցների տնօրենների հետ հանդիպման ու զրույցի արդյունքում ողջունել է նրանց կողմից համագործակցության պատրաստակամությունն ու համատեղ քննարկել խնդրի կարգավորման տարբերակները:
«Մեր երեխաներն արժանի են ստանալու որակյալ կրթություն՝ բարեկարգ դպրոցներում ու նպաստավոր պայմաններում: Այս ուղղությամբ իմ գործուն քայլերը շարունակական են լինելու »,-ասել է մարզպետը: