Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ. Մեր բոլորի աշխատանքը պիտի միտված լինի քաղաքացու շահը սպասարկելուն
24.08.2018
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային օրը սկսել է Կոտայքի մարզի բոլոր համատիրությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցությամբ:
Հանդիպման նպատակն էր ուղղակի շփումը, որի ընթացքում մարզպետը հայտնել է իր մտահոգությունը՝ կապված 2 հիմնական խնդիրների հետ.
«1-ը համատիրությունների՝ սեփական գործառույթների ոչ պատշաճ իրականացումն է: Համատիրությունները պետք է գործունեության բովանդակային փոփոխություններ կատարեն, այլապես կարող ենք կանգնել փաստի առաջ, որ նրանց գոյությունն անօգուտ է: Այս կառույցը շահույթ չհետապնդող է, որը մեկ խողովակով պետք է կապի քաղաքացուն ՏԻՄ-ի ու ծառայություն մատուցող մի շարք կառույցների միջև: Սա ուղղորդող մարմին չէ, որ քաղաքացուն ասի՝ դիմե՛ք այս կառույցին, դիմե՜ք այն կառույցին, սա միջնորդ օղակ է, որը պետք է թեթևացնի քաղաքացու հոգսը՝ խնդիրները լուծելու ճանապարհին»,-դիմելով համատիրությունների ղեկավարներին` նշել է մարզպետը:
Հանդիպման ընթացքում հնչեցին խիստ օբյեկտիվ կարծիքներ, առաջարկվեցին խնդրի լուծման ուղիներ, որոնց վերաբերյալ մարզպետը հայտնեց, որ իր և իր թիմի կողմից կդրվեն քննարկման և կլինեն որոշումներ:
Մյուս կողմից, սակայն, Ռոմանոս Պետրոսյանը հորդորեց կոտայքցիներին՝ կատարել վճարումներ և հանդես գալ պայմանագրով սահմանված գործառույթների իրականացման պահանջով՝ հավելելով, որ սա փոխգործակցության միակ արդյունավետ ճանապարհն է, այլ կերպ խնդիրների լուծման ճանապարհին կբախվենք լուրջ խոչընդոտների:
2-րդ կարևոր դրույթը, որ մատնանշվեց մարզպետի կողմից, համատիրությունների ապաքաղաքականացումն է: Համատիրության լիազորությունների չարաշահմամբ՝ քաղաքական որևէ շահի սպասարկելը հակադարձվելու է խստագույնս՝ օրենքի պահանջներին համապատասխան:
Ինչպես պետական կառավարման մարմիններում, այնպես էլ համատիրություններում, աշխատանքը պետք է միտված լինի քաղաքացու շահը սպասարկելուն, և մարզպետը բարձր գնահատեց համատիրությունների ղեկավարների պատրաստակամությունը՝ վերափոխվելու և գործելու ազնիվ սկզբունքներով:
«Նախկին ղեկավարներն ամեն ինչ արել են համատիրության նորմալ գործունեությունը չկայացնելու համար. այս մասին են բարձրաձայնում համատիրությունների նախագահները:Այսօր ես միանշանակ հայտարարել եմ. իրավիճակը փոխվել է և դեռ պիտի փոփոխվի: Յուրաքանչյուր պետականամետ գործչի համար մեծագույն հպարտություն է լսել, որ փոփոխություններն արդեն տեսանելի են և մատնանշվում են կոնկրետ օրինակներով»,-ամփոփեց Ռոմանոս Պետրոսյանը: