Նորություններ
Լրահոս
Սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռանը կտրամադրվի վառելանյութ
20.08.2018
Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի Հրազդանի վարչական տարածքում այսօր կմեկնարկեն չորացած բարդիների սանիտարական էտի աշխատանքները:
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով և ԲՆ համաձայնությամբ՝ կհատվեն 164 ամբողջությամբ չոր բարդիներ և կիրականացվի 288 բարդիների չորացած հատվածների էտ:
Մայրուղու հարակից ծառերի խնամքը երկար տարիներ պատշաճ չիրականացնելու հետևանքով այսօր արդեն առկա են անվտանգության խնդիրներ, քանի որ քամիների և թեթև ցնցումների հետևանքով հաստաբուն ծառերը կարող են վայր ընկնել՝ վնասելով մեքենաները և առաջացնելով սպառնալիք մայրուղով երթևեկողների կյանքի համար:
Հրազդանի համայնքապետարանը հանձն է առել ծառերի տեղափոխման և պահեստավորման աշխատանքները, ինչը թույլ կտա ձմռանն ընդառաջ այս ծառերն օգտագործել որպես վառելանյութ՝ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համար:
Վառելանյութը բնակիչներին կփոխանցվի՝ ըստ դիմումների և առկա տվյալների, որոնք հաստատվելու են մարզպետարանի համապատասխան սոցիալական բաժնի կողմից:
Էտման աշխատանքների արդյունքում կլուծվի նաև մայրուղու էսթետիկ հարդարման և խնամքի հարցը, ինչը ևս բավականին երկար ժամանակ անտեսված խնդիր է եղել:
Էտման աշխատանքներն իրականացվում են Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի հսկողությամբ: