Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում արվեստն ու մշակույթն ուշադրության կենտրոնում են

20.08.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջեց Հրազդանի և Չարենցավանի մշակութային մի քանի կառույցներում:
  Հրազդանի Դրամատիկական թատրոնում զրույցի ընթացքում Լիլիթ Մակունցը ողջունեց թատրոնի անձնակազմի ջանքերը՝ պահպանելու կառույցը և դրա հետագա գործունեությունը: Այստեղ և Չարենցավանի արվեստի դպրոցում նախարարը իրազեկեց, որ 2019 թվականին սպասվում են բյուջետային փոփոխություններ, որոնց շրջանակներում ոչ միայն նախարարության, այլև համայնքային ենթակայության մշակութային կառույցները կարող են դիմել ֆինանսավորման՝ դրամաշնորհային ծրագրերի ձևաչափով: «Մենք ամեն կերպ պիտի փորձենք մոտեցումները տեխնիկականից փոփոխել բովանդակայինի»,- ասաց Լ. Մակունցը:
   Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հավաստիացրեց, որ համայնքային իշխանությունները ևս աշխատում են ոլորտային փոփոխությունների մասով, բայց իրատեսորեն որոշ հարցերի լուծումներն օբյեկտիվ ժամանակ են պահանջում: Այստեղ քննարկվեց նաև ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու և դրա հետ կապված մի շարք ընթացակարգային հարցեր:
   Հրազդանի մարզային գրադարանում մարզպետն ու նախարարը շրջեցին գրքային ֆոնդի պահասենյակներում, ծանոթացան առկա հնարավորություններին, աշխատանքի ծավալներին և սկզբունքներին:
   Չարենցավանի արվեստի դպրոցում աշխատակիցների և համայնքի մշակութային գործիչների հետ հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան հարցերն անմիջական ուղղել նախարարին և մարզպետին ու ստանալ սպառիչ պատասխաններ:
   Մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մաքրավանում՝ 13-րդ դարի հուշարձանի տարածքում եկեղեցի կառուցելու հետևանքով առաջացած խնդիրները: Հուշարձանի պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով այն կտեղափոխվի հատուկ պահպանման վայր, որտեղ կիրականացվեն վերականգնման աշխատանքներ:
   Քննարկվեցին նաև մարզի տարածքում 2 այլ հուշարձանների պահպանության համար անհրաժեշտ ռեսուրսները, գործընթացները և ձեռք բերվեցին փոխադարձ պայմանավորվածություններ հետագա փոխհամաձայնեցված աշխատանքների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22