Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ համայնքներ
01.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և օգնականների ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել մարզի մի քանի համայնքներում:
Պտղնիի և Վերին Պտղնիի աշխատակազմերի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխատանքային ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է նպաստեն արդյունավետությանն ու փոխհամագործակցության նոր որակի ամրապնդմանը:
Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց յուրաքանչյուր համայնքում մանկապարտեզի և մշակույթի տան առկայության կարևորությունը` որպես կիրթ հասարակություն ունենալու նախապայմաններ: Երկու համայնքներում էլ քննարկման արդյունքում պարզվեցին այս հաստատությունների վերակառուցման և վերագործարկման հնարավոր ուղիները, եղան հանձնարարականներ:
Պտղնի համայնքում հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ համայնքային գույք հանդիսացող աղբատար մեքենայի կարիքն այլևս չի զգացվում, և պայմանավորվածություն ձեռք բերվեց ժամանակավոր օգտագործման սկզբունքով մեքենան տրամադրել Հրազդան քաղաքին, որն ունի դրա կարիքը: Համայնքի աշխատակազմը դրական արձագանքեց, և սա դիտարկվեց որպես միջհամայնքային համագործակցության կիրառելի օրինակ:
Քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին մարզպետի կողմից կարևորվեց համայնքի իրավագիտակից քաղաքացիների անմիջական ներգրավվածությունը` որպես պահանջատիրոջ:
Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում աջակցել համայնքերին, եթե վերջիններն ընդառաջ գան` որպես նախաձեռնող և մտահոգ կողմ:
Բալահովիտում մարզպետը հանդիպեց միջնակարգ դպրոցի խորհրդի կազմի հետ, որը պատրաստվում է օգոստոսի 3-ին կայանալիք տնօրենի ընտրությանը: Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց թեկնածուին` ըստ իր կողմից ներկայացված զարգացման ծրագրի ընտրելու կարևորությունը և շեշտեց, որ ոչ ոք կաշկանդված չպետք է լինի որևէ հանգամանքով` իր ձայնն այս կամ այն թեկնածուին տալիս:
Բոլոր հանդիպումների ընթացքում կրկին կարևորվեց Կոտայքի մարզի բնակչից քաղաքացու վերափոխումը, որը գլխավոր նպատակ է և ուղենիշ: