Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի խորհրդի նիստ 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ
25.07.2018
Այսօր՝ հուլիսի 25-ին, Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետի հրավերով ներկա էր նաև Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Կոտայքի մարզպետը աշխատակազմին և համայնքների ղեկավարներին ներկայացրեց մարզպետի երեք տեղակալներին՝ Առնակ Ավետիսյանին, Վասակ Վարդանյանին, Լարիսա Մադոյանին, մարզպետի օգնականներին, ինչպես նաև շուրջ մեկ տասնյակ համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների և վարչական միավորների ղեկավարների:
Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր մարզի համայնքներում ոռոգման ջրի մատակարարման վիճակին, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը: Մի շարք համայնքապետեր իրենց մտահոգություններն ու համայնքների խնդիրները ներկայացրեցին, որոնք վերաբերում էին հիմնականում մաշված պոմպերին, ոռոգման ջրի սակավությանը :
Օրակարգային հարցերից երկրորդը վերաբերում էր մարզի համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վիճակին, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը:Կոտայքի մարզպետը անդրադարձավ, հատկապես մարզի երեք խոշոր աղբավայրերի հետ կապված կարճաժամկետ ծրագրի իրագործման անհրաժեշտությանը: