Նորություններ
Լրահոս
2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
30.12.2017

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել է 2017 թվականի ընթացքում մարզում արձանագրված ցուցանիշները և մարզային գործընթացների հիմնական ուղղությունները:
Կոտայքի մարզպետը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության շարունակական աջակցությամբ մարզում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց արդյունքում լուծումներ են ստացել բազմաթիվ հրատապ խնդիրներ:
Մարզի ղեկավարի տեղեկացմամբ ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է Կոտայքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, որի գերակա խնդիրներն են գյուղատնտեսության արդիականացումը, արդյունաբերության, զբոսաշրջության և մարզային այլ ոլորտների շարունակական զարգացումը:
Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է, որ զբոսաշրջությունը իր կարևոր տեղն է պահպանում Կոտայքի մարզի տնտեսության մեջ:
Մարզում գործում են ավելի քան 75 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիրներ, զբոսաշրջության համար առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքներ: 2017 թվականի ընթացքում մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 20 տոկոսով:
Անցնող տարվա ընթացքում մարզում մեկնարկել է շուրջ 105 ներդրումային ծրագիր՝ գրեթե 63,3 մլրդ դրամ արժեքով: Նշված ծրագրերի իրականացման արդյունքում բացվելու են գրեթե 2600 աշխատատեղեր:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Կոտայքի մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծման նպատակով տրամադրված միջոցներից 2017 թվականին իրականացվել են շուրջ 381,4 մլն դրամի աշխատանքներ:
Կոտայքի մարզպետի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2017 թվականին Կոտայքի մարզում քաղաքաշինության ոլորտում պետական, համայնքային և մասնավոր միջոցներով իրականացվել են շուրջ 43,7 մլրդ դրամի աշխատանքներ:
Մարզպետը նշել է նաև, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 31 համայնքների միավորմամբ կազմավորվել են 6 համայնքներ: Խոշորացման արդյունքում ներկայումս մարզն ունի 42 համայնք նախկին 67-ի փոխարեն: Այս գործընթացը շարունակվելու է նաև 2018 թվականին:
Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններին վերաբերող հարցադրմանը՝ Կ. Գուլոյանը փաստել է, որ մարզում 2017 թվականին ևս մեծ ծավալներով շարունակվել են իրականացվել ջերմոցային տնտեսություններ և ինտենսիվ այգիներ հիմնելու աշխատանքները:
Ջերմոցների տարածքը 2017 թվականին ավելացել է ևս 20 հեկտարով և կազմել 81 հեկտար:
2018 թվականին նախատեսվում է ևս 30 հեկտարի չափով նոր ջերմոցների հիմնում:
Ըստ հրապարակված տվյալների՝ մարզում առկա են 912 հեկտար ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հեկտարը հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով /հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն/: Ի դեպ վերջին նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հեկտարը հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հեկտարը՝ 2017 թվականին:
2017 թվականի ցուցանիշներն ամփոփելուն զուգահեռ Կոտայքի մարզպետը ներկայացրել է նաև, որ սահմանված կարգով արդեն իսկ մշակվել են հաջորդ տարվա համար նախատեսված ծրագրերը, որոնց հիմնական նպատակը լինելու է մարզի տարածքում բոլոր գործընթացների արդյունավետ կազմակերպումը և մարզային տարբեր ոլորտներում դրական զարգացումների ապահովումը: