Նորություններ
Լրահոս
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2017

Սիրելի՜ մանկավարժներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուսուցչի օրը մեր երկրում այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ, վերածվել է համազգային տոնի: Եվ դա բնական է, քանզի մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրելի Ուսուցիչը, և հոկտեմբերի 5-ը ևս մի առիթ է մեր խորին երախտագիտությունը հայտնելու համար: Սակայն մեր բացառիկ վերաբերմունքը Ուսուցչի նկատմամբ պայմանավորված է նաև պատմական ճակատագրով ու մեզ ներհատուկ արժեքային համակարգով:
Գրերի գյուտից ի վեր մեր ժողովուրդը կրթությունը համարել է իր ազգային ինքնությունը պահպանելու և իր առջև ծառացած ռազմավարական խնդիրները լուծելու ամենահուսալի զենքերից մեկը, ուստի առանձնահատուկ ակնածանք է ունեցել գիտելիքի հանդեպ ու ճակատագրական բոլոր փորձությունների ժամանակ նախ և առաջ ապավինել է Ուսուցչին:
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ցուցաբերած ձեր անմնացորդ նվիրումը Մայր հայրենիքին անձնվեր ծառայելու հրաշալի օրինակ է: Անուրանալի է ձեր դերն ու ավանդը նաև մեր անկախ պետականության կերտման և նրա կայուն զարգացման գործընթացներում: Համոզված եմ, որ հետայսու ևս հավատարիմ կմնաք ձեր կոչմանն ու առաքելությանը, որը սոսկ աշխատանքային գործունեություն չէ, այլ կենսակերպ, ոգեղեն լույսի հանապազօրյա արարում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն բարիք:
Հարգանքով՝
Կ. ԳՈՒԼՈՅԱՆ