Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

29.09.2017

     Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ամփոփել է մարզային գործընթացների նախորդ մեկ տարվա ցուցանիշները, զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրել 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրերի իրագործման շրջանակներում մարզում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ:
    Կոտայքի մարզպետը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ հաշվետու ժամանակահատվածում մարզային աշխատանքները մշտապես գտնվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Վարչապետի ուշադրության կենտրոնում:
  Մշտապես կազմակերպվել են տարբեր քննարկումներ մարզի զարգացման ռազմավարությունը իրականություն դարձնելու նպատակով:
   Մարզի ղեկավարը նշել է, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 միլիոն դրամ արժեքով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 11-ը՝ 8 միլիարդ 500 միլիոն դրամ արժեքով, որից իրականացման փուլում է գտնվում <<Գրին Ֆարմեր>> ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը (արժեքը՝ 4 միլիարդ 400 միլիոն դրամ). ներկայում իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ: Մնացած 10 ծրագրերը (4 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով) ընթացքի մեջ են: Նշված 11 ծրագրերի իրականացման արդյունքում մարզում կստեղծվի ավելի քան 550 նոր աշխատատեղ:
   Ըստ Կ. Գուլոյանի 2017 թվականի առաջին կիսամյակում մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից թողարկվել է 72 միլիարդ 700 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 միլիարդ 900 միլիոն դրամի դիմաց կամ ծավալները աճել են 40 %-ով:
Հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7%:
 Մարզպետի հավաստմամբ զգալի աշխատանք է կատարվում գյուղատնտեսության ոլորտում. մեծ ծավալներով իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ:
Ջերմոցների տարածքը 2016 թվականին կազմել է 61 հեկտար: 2017 թվականին այդ թիվն ավելացել է ևս 20 հեկտարով և կազմել 81 հա:
2018 թվականին նախատեսվում է ևս 30 հեկտարի չափով նոր ջերմոցների հիմնում:
  Առկա են 912 հեկտար ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հեկտարը հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով /հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն/: Ի դեպ վերջին նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հեկտարը հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հեկտարը՝ 2017 թվականին:
  Կ. Գուլոյանն ընդգծել է, որ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Զառ, Պռոշյան, Զորավան, Արզական, Սոլակ, Հրազդան համայնքների շահառուների կողմից ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 11 միավոր գյուղգործիք, որն ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում:
 Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 300 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի ընդլայնմանը և նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն:
  Նշենք նաև, որ 2017 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակը մարզում ունեցել է աճման միտում:
  Պատասխանելով լրագրողների կողմից տրված հարցերին Կոտայքի մարզպետը նշել է, որ << Մարզի զարգացման ռազմավարության հիմնական նպատակներն են մարզի մրցունակության բարելավումը և տնտեսության զարգացումը, համայնքների համաչափ զարգացումը և այլն:Մարզի զարգացման ռազմավարության գերակա խնդիրներն են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը:
  Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ զբոսաշրջության ասպարեզում մարզում առաջիկայում ունենալու ենք մեծ ծավալների հասնող ծրագրեր, համապատասխան ենթակառուցվածքների նկատելի բարելավում>>:
  Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարել նաև մարզի համայնքների գործունեությանը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ նոր որակի աշխատանքներ իրականացվեցին համայնքների զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ:
  Ներկայումս մարզի բոլոր համայնքներն ունեն զարգացման 5-ամյա ծրագրեր, որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների դրական աշխատանքին:
  Ըստ հրապարակված ցուցանիշների՝ նախորդ տարվա վերջում համայնքների բյուջեների կատարողականը կազմեց շուրջ 104.5%: 2017 թվականի 8 ամիսների կտրվածքով բյուջեների ընդամենը եկամուտների կատարողականը կազմում է 101,5%:
  Կոտայքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2017 թվականին հատկացվել է շուրջ 550 մլն. դրամ: Այս միջոցներն ուղղվել են մարզի 18 համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը և իրականացվել են տարբեր ծրագրեր (առողջապահական-1, կրթական-3, մշակութային-4, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման-2, փողոցային լուսավորության անցկացման-2,բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման, արտաքին ջրահեռացման համակարգի կառուցման, գազաֆիկացման-2 և ճանապարհաշինարարական-2 ծրագրեր): Այլ ծրագրերով իրականացվում են կրթական, մշակութային և մարզական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 673 միլիոն դրամի չափով:
   Կոտայքի մարզպետը նշել է նաև, որ զգալի աշխատանքներ են կատրվում մարզի ենթակառուցվածքների բնագավառում՝ հետևյալ ուղղություններով. ճանապարհաշինություն և ճանապարհների պահպանում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում, քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի պահպանություն և վերելակների վերանորոգում, ներհամայնքային լուսավորության ցանցի ընդլայնում, գազաֆիկացում և այլ:
 Պատասխանելով ՀՀ Կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներին վերաբերող՝ լրատվամիջոցների կողմից տրված հարցին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը նշել է, - << Հայաստանի Հանրապետության Կառավարության մեկ տարվա գործունեության արդյունքում Կոտայքի մարզում գրանցվել են բազմաթիվ դրական ցուցանիշներ: Արդեն իսկ նշեցինք, որ գրեթե բոլոր ոլորտներում ունենք աճողական ցուցանիշներ: Մարզում գրանցվել են տնտեսական ակտիվության հստակ ցուցանիշներ, որոնք ունեն զարգացման միտումներ>>:
  Կոտայքի մարզպետը ասուլիսի շրջանակներում խոսել է նաև մարզային այլ ոլորտների աշխատանքային ուղղությունների, ինչպես նաև մարզպետարանի գործառույթների շրջանակներում կատարված հիմնական գործունեության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28