Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ/տեսանյութ/

19.09.2017



     Աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել ՀՀ Գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը:
  ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարը նախ եղել են <<Առողջ սունկ>> ընկերությունում, ծանոթացել սնկարտադրության տարբեր փուլերի կազմակերպման մանրամասներին, սնկի փաթեթավորման և պահեստավորման գործընթացներին, ինչպես նաև սնկի պահածոյացման արտադրամասի գործունեությանը:
  Ընկերությունն արդեն 13 տարի զբաղվում է սնկի արտադրությամբ, հիմնական ուղղությունն արտահանումն է: Արտադրում են թարմ շամպինյոն, պորտոբելլո, կախասունկ, ունեն նաև վերամշակված արտադրանք: Թարմ սունկն արտահանվում է հիմնականում ԵԱՏՄ և Մերձավոր Արևելքի երկրներ, իսկ վերամշակված արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում: 2016 թվականին այստեղ արտադրվել է մոտ 1500 տոննա սունկ, որից մոտ 350 տոննան արտահանվել է, արդեն այս տարի արտահանման ցուցանիշը գրեթե կկրկնապատկվի, հետագայում նախատեսում են արտահանման մասնաբաժինը հասցնել մոտ 90 տոկոսի:
 Այցելության հաջորդ կանգառը եղել է օրգանական պարարտանյութերի արտադրության <<ՕՌՎԱԿՕ>> ընկերությունը, որտեղ Գյուղատնտեսության նախարարին և Կոտայքի մարզպետին նեկայացվել են օրգանական պարարտանյութերի արտադրության ընթացքն ու պարարտացման աշխատանքների կազմակերպման ուղղությունները:
  Այստեղ ներկայումս արտադրվում է չորս անուն օրգանական պարարտանյութ: Ընկերության պատասխանատուները նշել են, որ համալիր օրգանիկ պարարտացման շնորհիվ պտուղը ստացվում է ավելի խոշոր, համեղ, նաև երկար պահունակություն է ունենում, հիվանդությունների նկատմամբ ավելի կայուն է դառնում, վնասատուներն ավելի քիչ վնաս են հասցնում, և ամենակարևորը` ստացվում է սպառման համար անվտանգ մթերք:
  Շրջայց է կատարվել նաև օրգանական մոշի և ազնվամորու մշակությամբ զբաղվող <<Արմբերրի>> ընկերությունում, որտեղ անդրադարձ է կատարվել նաև ընկերության կողմից կաթիլային ոռոգման աշխատանքների կազմակերպման մոտեցումներին:
  Պատասխանատուների հավաստմամբ ընկերությունը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր արտադրողականությամբ ազնվամորու և մոշի օրգանական ինտենսիվ այգի ստեղծել: Այժմ այստեղ յոթ տեսականի է փորձարկվում: Ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ձեռք են բերել տրակտոր` անհրաժեշտ կցամասերով, ծրագրի պայմաններից գոհ են, եթե այն չլիներ, տեխնիկայի ձեռքբերումը պետք է հետաձգեին մյուս տարիների համար: 2018 թվականին նախատեսում են օգտվել նաև կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման սուբսիդավորվող վարկերից:
  Այնուհետև Ի. Առաքելյանն ու Կ. Գուլոյանն այցելել են Արագյուղ համայնքում գործող <<Նաիրիան>> ընկերություն, ծանոթացել վարդերի և խնձորի աճեցման տեխնոլոգիաներին, եղել են <<Նաիրիան>> գործարանում, լաբորատորիայում և թորման վայրում: Այս ընկերությունը զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ` կիրառելով հայկական բարձրավանդակում աճող բույսերը: Ներկայումս ընկերությունն ունի 4 հեկտար դամասկոսյան վարդի դաշտ և ևս 4 հեկտար հողատարածք այլ եթերայուղատու մշակաբույսերի աճեցման համար:
  Գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցելությունն ամփոփվել է <<Նաիրիան>> ընկերությունում կազմակերպված հանդիպումով, որին մասնակցել են հիշյալ բոլոր ընկերությունների պատասխանատուները:
 Հանդիպման շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36