Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

08.07.2017

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերի և ամփոփել մարզային գործընթացների առաջին կիսամյակի ցուցանիշները:
  Կոտայքի մարզպետը պատասխանելով մարզի արդյունաբերության ոլորտի գործունությանը վերաբերող հարցին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7%: Մարզպետը կարևորել է, որ մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից թողարկված արտադրանքների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դիմաց աճել են: Արտադրանքի ծավալների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության և մշակող արդյունաբերության ցուցանիշների աճով:
  Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Կ. Գուլոյանն ընդգծել է, որ մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը:
   Վերջին տարիներին մարզում մեծ ծավալներով իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ: Մարզում առկա են շուրջ 61 հա ջերմոցներ: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ևս հիմնվելու են նոր ջերմոցներ:
  Առկա են 712 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 26 հա-ն վերջին նորագույն տեխնոլոգիաներով հիմնված /հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն/: Նախատեսված է մինչև տարեվերջ ունենալ նոր ինտենսիվ այգիներ ևս: Ինտենսիվ այգիները տալիս են ընդհանուր արտադրված պտղի բերքի 45-50 %-ը:
Ըստ հրապարակված տվյալների մարզում կատարվել է 18840 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք կամ օգտագործվել է վարելահողերի 50.2 %-ը: Նախորդ տարվա համեմատ գարնանացան կուլտուրաների ցանքը ավելացել է շուրջ 1000 հա-ով:
   Կոտայքի մարզպետը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտին և նշել, որ այն համարվում է մարզի զարգացման հեռանկարային և կարևորագույն ուղղություններից մեկը: Մարզում գործում են ավելի քան 75 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիրներ:
2017թ. առաջին կիսամյակում մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 185 hազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 164 հազարի դիմաց կամ աճը կազմել է 12.8 %:
   Կոտայքի մարզպետը տեղեկացրել է նաև, որ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը կազմում է շուրջ 101 %:
 Մարզի ղեկավարը հավելել է նաև, որ Կոտայքի մարզում 2017 թվականի ընթացքում թվով 31 համայնքներում իրականացվելու է խոշորացում, որի արդյունքում ձևավորվելու է 6 համայնք` Բյուրեղավան (Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս), Եղվարդ (Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ), Չարենցավան (Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան), Ակունք (Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ), Մեղրաձոր (Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ), Ջրվեժ (Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր):
Կոտայքի մարզպետն ամփոփել է նաև <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին կայացած հանրապետական շաբաթօրյակի ընթացքում մարզում իրականացված նախաձեռնությունները և նշել, որ բոլոր համայնքներում իրականացվել են սանիտարական մաքրման, աղբակույտերի և աղբանոցների վերացման, բարեկարգման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18