Նորություններ
Լրահոս
ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ
12.06.2017
ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների մարզային փառատոնի ամփոփիչ գալահամերգը և մրցանակաբաշխությունը:
Փառատոնի մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, ինչպես նաև լավագույն արդյունքներ ունեցող սաներին հանձնել մարզի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերն ու մրցանակները:
Մարզային փառատոնը մեկնարկել է դեռևս մայիս ամսին՝ երաժշտարվեստ ու կերպարվեստ անվանակարգերում և նպատակ է ունեցել աջակցել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության որակի բարձրացմանը, ինչպես նաև բացահայտել երաժշտության, նկարչության ու արվեստի այլ ճյուղերում հետաքրքրություններ ունեցող շնորհալի պատանիներին:
Կանոնակարգով սահմանված պայմանների համաձայն, հիշյալ անվանակարգերում, փառատոնին մասնակցել են Կոտայքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցները ներկայացնող 30 համույթներ և 150 անհատ կատարողներ՝ երաժշտության մասով, ինչպես նաև արվեստի ու գեղարվեստի դպրոցների 120 սաներ՝ նկարչության մասով:
Տարածաշրջանային փուլերը գնահատել է մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության <<Մշակութային կրթության աջակցության>> հիմնադրամի ներկայացուցիչներ:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են երաժշտարվեստի օրեր` Հրազդան, Աբովյան և Եղվարդ քաղաքներում, ինչպես նաև նկարչական բացօթյա պլեներ` Աղավնաձոր համայնքում: