Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2016 ԹՎԱԿԱՆԸ

30.12.2016



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ամփոփել է 2016 թվականի ընթացքում մարզում տեղի ունեցած հիմնական իրադարձություններն ու հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում խոսել անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքների և 2017 թվականի ծրագրերի մասին:
Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է, որ 2016 թվականին ՀՀ Նախագահի և Կառավարության աջակցությամբ մարզային տարբեր բնագավառներում իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր:
Այդ ծրագրերն ըստ մարզի ղեկավարի ունեցել են տարբեր ուղղություններ.
2016 թվականին Կոտայքի մարզում առողջապահական և կրթական ոլորտներում իրականացվել են շուրջ 757 միլիոն դրամի չափով շինարարական աշխատանքներ. կառուցվել է նոր ամբուլատորիա, նոր մարզադպրոց, վերանորոգվել են դպրոցներ և մանկապարտեզներ:
Բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բնագավառում տարբեր ծրագրերով իրականացվել են շուրջ 3 միլիարդ 221 միլիոն դրամի աշխատանքներ. այդ թվում՝ համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման, քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի պահպանության և վերելակների վերանորոգման, ներհամայնքային լուսավորության ցանցի ընդլայնման, ինչպես նաև գազաֆիկացման աշխատանքներ:
Ճանապարհաշինության բնագավառում տարբեր ծրագրերով իրականացվել են գրեթե 2 միլիարդ 740 միլիոն դրամի աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6 միլիարդ 718 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն զբոսաշրջությունը կարևոր տեղ է զբաղեցնում Կոտայքի մարզի տնտեսության մեջ: Մարզում գործում են շուրջ 75 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիրներ:
2016թ. 9 ամսվա ընթացքում մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 258 հազար մարդ նախորդ տարվա 236 հազարի դիմաց կամ աճը կազմել է 9.3 %:
Մամուլի ասուլիսի շրջանակներում Կոտայքի մարզպետը անդրադարձել է նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցված զարգացումներին: Գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին մեծ ծավալներով իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիներ հիմնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ մարզում առկա են շուրջ 61 հեկտար ջերմոցներ, որից 22 հեկտարը՝ բանջարի, իսկ 39 հեկտարը՝ ծաղկի:
Մարզում առկա են 712 հեկտար ինտենսիվ այգիներ, որից 26 հեկտարը վերջին նորագույն տեխնոլոգիաներով է հիմնված /հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն/:
Ինտենսիվ այգիները տալիս են ընդհանուր արտադրված պտղի բերքի 45-50 տոկոսը:
Նախատեսվում է 2017 թվականին շուրջ 100 հեկտար նոր ինտենսիվ այգիների հիմնում և շուրջ 10 հեկտար նոր ջերմոցների կառուցում:
Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մարզի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ մշակվել են 2017 թվականի հստակ ծրագրերը և գերակա խնդիրները:
2017 թվականի համար մարզում առանձնացվել են մի շարք գերակա ծրագրեր՝ մարզի համայնքների խոշորացում, առողջապահական և կրթական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացում, նոր ներդրումային ծրագրերի իրականացում մարզի համայնքներում, որոնք կնպաստեն մարզի և համայնքների զարգացմանը:
Մարզի ղեկավարը ներկայացրել է նաև եկող տարում մարզում նախատեսվող ներդրումային ծրագրերի հիմնական ուղղությունները: Կոտայքի մարզում 2017 թվականին նախատեսվում են ներդրումային ծրագրեր, որոնք ընդգրկում են մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանները.
- արևային էներգիայի արտադրության կայանների և նոր ջերմոցային տնտեսության հիմնում Հրազդան քաղաքում
- նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնում Նոր Գյուղ համայնքում
- կաշվի և կաշվե իրերի արտադրության կազմակերպում Բյուրեղավանում
- տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ստեղծում Աբովյան քաղաքում
- զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման ծրագիր Գառնի համայնքում
- զբոսաշրջության ոլորտի զարգացում և հյուրանոցային տնտեսությունների ընդլայնում Արզական, Հանքավան, Արտավազ համայնքներում
- գյուղ.մթերքների վերամշակում մի շարք գյուղական համայնքներում և այլ ծրագրեր մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում:
ՀՀ Նախագահի աջակցությամբ եկող տարի Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Երկրորդային քաղաքների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ծավալուն աշխատանքներ կատարել Ծաղկաձորում՝ ապահովելով զբոսաշրջային քաղաքի ենթակառուցվածքների բարելավումն ու նոր որակի հանգսի և ժամանցի վայրերի կառուցումը, որոնք հնարավորություն կընձեռեն Ծաղկաձորի այցելուների համար տարվա բոլոր եղանակներին ապահովել պատշաճ հանգիստ:
Կոտայքի մարզպետի տեղեկացմամբ արդեն իսկ պատրաստ են մարզի զարգացման 2017-2025 թվականների ռազմավարությունը և համայնքների զարգացման ծրագրերը, որոնք լավագույն հնարավորություններ են ստեղծելու մարզում և համայնքներում զարգացում ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32