Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2016

Սիրելի' մանկավարժներ, թանկագի'ն աշակերտներ, հարգարժա'ն ծնողներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Իր ազգային ինքնությանը դարեր շարունակ սպառնացող փորձությունները հերոսական գոյամարտերով և բացառիկ մտավոր ներուժով հաղթահարած հայ ժողովուրդը ներկայումս էլ բարձր է գնահատում գիտելիքի դերն ու նշանակությունը:
Մեր պետական տոնացույցի, հիրավի, ամենապայծառ օրերից մեկը համարվող Սեպտեմբերի 1-ին, ամեն անգամ, ձեզ հետ մեկտեղ մենք ևս սպասում ենք անթաքույց հուզմունքով և անսասան հավատով, որ բարելավելու ենք նախորդ տարվա նվաճումները և կերտելու ենք արդի պահանջների ոգուն համահունչ հանրակրթական համակարգ:
Համոզված եմ, որ մաշտոցյան պատգամների և Լուսավորչի ոգեղեն կանթեղի խորհուրդն իրենց խորաններում իբրև սրբազան պատվիրան կրող մեր մանկավարժները անշեղորեն իրականացնում են ի վերուստ իրենց վերապահված առաքելությունը, և այդ նվիրումի ու համատեղ ջանքերի շնորհիվ է, որ ձևավորվում է քաղաքացիական բարձր գիտակցությամբ, ազգային ու պետական մտածելակերպով օժտված հայրենապաշտ սերունդ:
Այս հրաշագեղ օրվա կապակցությամբ առանձնահատուկ սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ գրի, գիտելիքի ու դպրության զարմանահրաշ աշխարհ նոր մուտք գործող մեր առաջին դասարանցիներին և մաղթում` բարի երթ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում հաստատուն հաջողություններով լի ուսումնական տարի: