Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

19.07.2016

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ամփոփել է մարզային աշխատանքների ընթացիկ գործունեության ցուցանիշները և պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
    Պատասխանելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հարցին՝ Կոտայքի մարզպետը նշել է.
    - Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը վերլուծելիս, բնականաբար, պետք է նկատի ունենալ Հրազդանի, Կոտայքի ու Նաիրիի տարածաշրջաններում ընդգրկված 7 քաղաքային և 60 գյուղական համայնքների ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս առանձնահատկությունները:
    Մինչ ցուցանիշներին անդրադառնալը՝ նախ պետք է ընդգծենք, որ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու վերջինիս բոլոր վերլուծությունները մշտապես արժանանում են Հայաստանի Հանրապետության Նախագահի ուշադրությանը և երկրի ղեկավարի կողմից մշտապես կարևորվող այս հատվածում դրական զարգացումներ ապահովելու նկատառումներով պարբերաբար նախանշվում և իրագործվում են նորովի ծրագրեր:
    Մենք ունենք հանրապետության նախագահի հանձնարարականները մարզային մի շարք ենթակառուցվածքների գործունեությունը բարելավելու վերաբերյալ, և այդ հանձնարարականների կատարումն էլ դառնալու է առաջիկայի՝ մեր գործունեության հիմնական առանցքը:
    Հայտնի է, որ Կոտայքում առաջատար դիրքեր ունի արդյունաբերության ոլորտը, որտեղ մարզը պարբերաբար ունենում է հաջողություններ: Ըստ վիճակագրության մարզում արտադրված արդյունաբերական արտադրանքը հիմնականում կազմում է հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 10-11%-ը: Մարզի արդյունաբերության ոլորտում առաջատար են համարվում էլեկտրաէներգիայի, սննդի, խմիչքների, դեղագործական ապրանքների, հիմնային մետաղների և ոչ մետաղական հանքանյութերի արտադրական ուղղությունները:
    Մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում պետական բյուջեի միջոցներով. հատկապես ճանապարհաշինության, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և հանրային կարևորություն ունեցող այլ բնագավառներում ևս տարեցտարի իրականացվում են էական ներդրումներ:
    Եթե միայն նշենք, որ 2015թ.-ին մարզում ճանապարհաշինության ոլորտում իրականացվող աշխատանքների ուղղությամբ ներդրումների աճը 2014թ.-ի համեմատությամբ ավելացել է շուրջ 2.3 անգամով, ապա ընդամենն այս մեկ օրինակով ակներև են դառնում մարզի նկատմամբ պետական հոգածության դրսևորումները: Այդ տրամաբանությունը 2016 թվականին ևս գերակայում է մարզում և ունեցել ենք համայնքային առաջնահերթություն ունեցող հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական նշանակալի նախաձեռնություններ:
    Պետական աջակցությամբ զգալի աշխատանքներ են իրականացվել և իրականացվում մարզի համայնքների տարբեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, որոնք միտված են մեր բնակիչների կենասապայմանների բարելավմանը: Արդյունքում իրականացվել են կրթական և առողջապահական հաստատությունների հիմնանորոգման, ջեռուցման համակարգերի տեղադրման, ոռոգման և խմելու ջրագծերի արդիականացման, ինչպես նաև ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրեր:
    Կարևորենք նաև այն հանգամանքը, որ շարունակաբար նախատեսվում և հաջողությամբ իրագործվում են մարզի հիդրոէներգետիկ կարողությունների կիրառմամբ փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների հիմնադրման և ընդլայնման ծրագրերը:
    Երբ խոսում ենք ջերմոցային տնտեսությունների մասին, պետք է նկատենք նաև, որ գյուղատնտեսության ոլորտը ևս մարզի տնտեսության մեջ ունի իր գերակա դիրքը և ներկայումս նախանշվում են նոր ծրագրեր՝ նոր ոճի և որակի գյուղատնտեսություն ձևավորելու համար:
    Մեր գործունեության գլխավոր ուղղություններ են համարվում նաև մարզում ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորումն ու կատարելագործումը, գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականության բարձրացումը, իրացման խնդիրների լուծումը, որոնք բնականաբար բերելու են բնագավառում դրական ցուցանիշների ապահովմանը:
    Այս ամենով հանդերձ պետք է նկատենք, որ մարզային տարբեր բնագավառներում շարունակաբար գրանցվում են զարգացման միտումներ, որոնց կատարելագործման ուղղությամբ մարզպետարանում պարբերաբար մշակվում և իրագործվում են նորովի ծրագրեր:

    Մարզպետը խոսել է նաև մարզի համայնքներում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել.
    - Մարզն ունի կայացած համայնքներ: Քաղաքային և գյուղական բոլոր համայնքներն ունեն զարգացման առանձնահատուկ մոտեցումներ: Ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ համայնքների բյուջեների միջոցների հաշվին մշտապես քայլեր ենք ձեռնարկում համայնքային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Պարբերաբար իրենց լուծումներն են ստանում համայնքային առաջնահերթ հիմնախնդիրները. կառուցվում են խմելու և ոռոգման ջրամատակարարման նոր համակարգեր, իրականացվում են ներհամայնքային փողոցների և բակերի ասֆալտապատման ու լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ, ծրագրեր են իրականացվում քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների և մուտքերի վերանորոգման ասպարեզում: Մեր մարզում մշտապես բարձր ցուցանիշներ են ապահովվում համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր է դառնում իրականացնել համայնքանպաստ բազում ծրագրեր ու լուծումներ տալ համայնքների բնակիչների կենսական անհրաժեշտության և սոցիալական խնդիրներին:
    Մենք պարբերաբար իրականացնում ենք նաև համայնքների առօրյան առավել հագեցնելուն ու աշխուժացնելուն միտված նախաձեռնություններ. ուրախալի է, որ ունենում ենք ինքնատիպ համայնքային տոնակատարություններ. տարբեր քաղաքներ ու գյուղեր պարբերաբար կազմակերպում են իրենց ավանդական տոները, սահմանվում են համայնքային տոների՝ նոր օրեր:

    Անդրադառնալով մարզի հոգևոր-մշակութային հատվածում առկա իրողություններին՝ մարզի ղեկավարը փաստել է, որ .
    - Կոտայքի մարզն ունի հոգևոր-մշակութային ասպարեզի կայացած ավանդույթներ, որոնք միմյանց փոխլրացնելով՝ առավել հագեցած ու բազմաբովանդակ են դարձնում մարզային առօրյան:
Մարզում վերջին տարիներին ծավալուն և նկատելի աշխատանք է իրականացվել եկեղեցաշինության ասպարեզում, որի արդյունքում վեր են խոյացել հայ ճարտարապետության ժամանակակից ոգուն հարիր բազմաթիվ եկեղեցիներ: Կոտայքի մարզի տարբեր համայնքներում առկա են հայ ժողովրդի պատմության և մշակույթի յուրօրինակ արժեքներ, որոնք իրավամբ համարվում են մարզի խորհրդանիշն ու այցեքարտը: Մենք բոլոր այցելուներին հպարտորեն ներկայացնում ենք Գառնի-Գեղարդ պատմական ու զբոսաշրջային գոտին,      Կեչառիսի վանական համալիրը, մարզի քաղաքային և գյուղական համայնքներում առկա բազմադարյա պատմություն ունեցող սրբավայրերն ու նորակառույց տաճարները:
Այստեղ պետք է հավելեմ, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և աջակցությամբ առաջիկայում մարզում լուրջ ծրագրեր են իրականացվելու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ հատկապես բարելավվելու են զբոսաշրջության գոտիներում առկա համապատասխան ենթակառուցվածքները, որի արդյունքում զբոսաշրջիկը կկարողանա առավել հարմարավետ պայմաններում ու միջավայրում այցելել մեր պատմա-մշակութային կոթողներ և զբոսաշրջային կենտրոններ:
    Մարզում մշտապես տեղի են ունենում նոր ու հետաքրքիր մշակութային նախաձեռնություններ:
     Կոտայքում կայանում են ինչպես հանրապետական նշանակության բազմաթիվ միջոցառումներ, այնպես էլ մարզի կողմից իրականացվող բազմապիսի ձեռնարկներ: Հաջողությամբ ենք կազմակերպում ՀՀ Նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք միջոցառումը, համահայկական բնույթի տարաբնույթ ձեռնարկները, ինչպես նաև մարզի նախաձեռնությամբ իրականացվող երգարվեստի ու պարարվեստի մարզային փառատոնները, երիտասարդական հավաքները, մարզի ստեղծագործողների անհատական աշխատանքների ցուցահանդեսները և այլ համանման նախաձեռնություններ:
Մարզն ունի նաև նշանակալի մարզական հաջողություններ շախմատի, սամբոյի, բռցքամարտի, ծանրամարտի ասպարեզներում:

    Մարզի ղեկավարը տեղեկատվություն է տրամադրել նաև մարզի գործարար միջավայրի վերաբերյալ.
   -Տնտեսության տարբեր ճյուղերում մարզն ունի զարգացման հեռանկարներ, որոնք հիմք են ստեղծում գործարար միջավայրի ակտիվացման համար: Կոտայքի մարզում հետևողականորեն զարգանում ու կատարելագործվում են արտադրական տարբեր ձեռնարկությունները: Սերտ համագործակցում ենք մեր բոլոր գործարարների հետ, նրանց ցուցաբերում հնարավոր աջակցություն՝ իրենց գործունեությունն արդյունավետ պայմաններում կազմակերպելու նկատառումներով: Մարզում իրականացվում է ներդրումային նոր ծրագրերին աջակցելու հստակ քաղաքականություն. պարբերաբար կազմակերպում ենք մարզի հնարավորություններն ու տեղում գործարարությամբ զբաղվելու գրավչությունները ներկայացնող նախաձեռնություններ և վստահ եմ, որ այդ ամենն առաջիկայում ունենալու է իր ցանկալի արդյունքը:

    Մարզպետն անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների հետ շփումներին և համագործակցությանը.

    - Իհարկե մարզը մշտապես ունեցել է սերտ համագործակցություն: ՀՀ Կոտայքի մարզի և ԼՂՀ Շահումյանի վարչական շրջանի միջև առկա է պաշտոնական համագործակցություն: Սակայն ապրիլյան առաջին օրերի ռազմական գործողությունները, բնականաբար, առաջ բերեցին առավել այլ մոտեցումների անհրաժեշտություններ, մարզն իր բնակչությամբ, համայնքներով, պետական ու մասնավոր հատվածներում գործող կազմակերպություններով Լեռնային    Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների կողքին էր: Արվեց ու արվելու է առավելագույն հնարավորը ԼՂՀ վարչական շրջաններին աջակցելու հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57