Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ՎԱՐԴԱՎԱՌ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-2016»-Ը ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

22.06.2016

   ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համագործակցությամբ հուլիսի 3-ին կազմակերպվելու է «Վարդավառ միջազգային փառատոնը», որն արդեն դարձել է ավանդական: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: Փառատոնի մանրամասները հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են կազմակերպիչները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները:
   Փառատոնի հայաստանցի և օտարերկրացի հյուրերը, ինչպես նաև Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները Գեղարդում հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ ջուր ցողելու արարողությանը:
  ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանն ընդգծել է, որ «Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից ընդգծված ուշադրություն է դարձվում մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը, որի արդյունքում մարզային առօրյան նշանավորվում է նոր և ինքնատիպ մշակութային միջոցառումներով: «Վարդավառ» միջազգային փառատոնը, իր յուրօրինակ տեղն ունի մարզի մշակութային առօրյայում և արդեն երրորդ տարին է, որ իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց»:
  Մարզպետի տեղակալը նշել է նաև, որ այս տարի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրում ևս ներառված է «Վարդավառ» տոնակատարության կազմակերպումը, որը համադրվել է «Վարդավառ» միջազգային փառատոնի ծրագրին և վերջինիս տարբեր հատվածներում կընդգրկվեն Կոտայքի մարզի մշակութային առանձնահատկությունները բնորոշող ինքնատիպ բաղադրիչներ:
  «Ազգագրական հայտնի համույթների և դերասանների մասնակցությամբ Գառնիում ժամը 15:00-ին սկսվող երաժշտական բեմադրությունը յուրովի կմատուցի «Վարդավառ» տոնի էությունը»,- նշեց փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը՝ հրավիրելով բոլոր հետաքրքրվողներին մաս կազմելու կիրակնօրյա ազգային տոնակատարությանը:
     «Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, eritasard.am առցանց պարբերականը, Anews.am:


ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
«Վարդավառ» միջազգային փառատոնի հանրային կապերի պատասխանատու

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21