Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

26.12.2015

       Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մամուլի ասուլիսի շրջանակներում, ամփոփել է 2015 թվականի մարզային գործընթացների հիմնական ուղղություններն ու նախանշել հաջորդ տարվա համար մարզում նախատեսվող որոշ ծրագրային առաջնահերթություններ:
       Մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է, որ արդյունավետորեն կյանքի են կոչվել մարզի զարգացման 2015-2018 թվականների ծրագրով նախատեսված տարեկան միջոցառումները և շնորհիվ ՀՀ Նախագահի ու Կառավարության կողմից իրականացված բազմաթիվ գերակա նախաձեռնությունների՝ մարզային տարբեր բնագավառներում ու ենթակառուցվածքներում գրանցվել են նկատելի դրական զարգացումներ:
       Անցնող տարվա ընթացքում մարզի ղեկավարի՝ համայնքային այցելությունների և բնակիչների հետ պարբերական շփումների ընթացքում հանգամանորեն դիտարկվել են մարզի համայնքների հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման հնարավորությունները:
      Մարզի համայնքներում առանցքային կարևորություն ունեցող բազմաթիվ հիմնախնդիրներ իրենց լուծումներ են ստացել ՀՀ Կառավարության կողմից տրամադրված V1 հրատապ ծրագրերի շրջանակներում, որի արդյունքում կատարվել են առողջապահական և կրթական օբյեկտների վերանորոգման, ճանապարհների ասֆալտապատման,համայնքներում ջրամատակարարման համակարգերի կառուցման և համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ:
      Ընդհանուր առմամբ 2015 թվականի ընթացքում մարզպետարանի պատվիրատվությամբ վերանորոգվել են 2 առողջապահական և 8 կրթական հաստատություններ, 8 համայնքներում կատարվել են ասֆալտապատման և 3 համայնքներում՝ ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:
      Կոտայքի մարզպետն իր խոսքում նշել է, որ<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի կողմից 2015 թվականին <<Ասիական զարգացման>> բանկի վարկի միջոցներով նախատեսված է մարզի՝ Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սոլակ, Քաղսի և Ակունք համայնքների ջրամատակարարման համակարգերում իրականացվել են զգալի աշխատանքներ:
     Ընթացքի մեջ է Հրազդան քաղաքում մարզային նշանակության կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի կառուցման ծրագիրը:
     Մարզպետի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015 թվականին մարզի մի շարք համայնքներում, տեղական միջոցներով, իրականացվել են տարբեր ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր:
     Խոսելով ճանապարհաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին՝ Կ. Գուլոյանը նշել է, որ 2015 թվականի ՀՀ պետական միջոցների հաշվին, 193,7 մլն դրամ ընդհանուր գումարով, հիմնանորոգվել է Մրգաշեն-Նոր Արտամետ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.05 կմ հատվածը:
Համաշխարհայի Բանկի միջոցներով ընթացիկ տարում հիմնանորոգվել են Հ5–Կարենիս–Չարենցավան ճանապարհահատվածը` (5.3կմ) և Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 12 կմ հատվածը:
     Մարզային տնտեսական ցուցանիշներում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարզի հանքագործական արդյունաբերության ոլորտում գրանցվել է աճ 624.0 մլն. դրամի չափով՝ կամ թողարկվել է 2.4 մլրդ. դրամի արտադրանք:
     Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է մարզի գյուղատնտեսության բնագավառի գործունեությունը և անդրադարձել այս ոլորտի մի շարք ցուցանիշների ևս:
Ըստ որոնց, 2015թվականի բերքի տակ կատարվել է 18020 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք /որից աշնանացան- 6144 հա, գարնանացան- 11876 հա/ կամ օգտագործվել է վարելահողերի 47.7 տոկոսը նախորդ տարվա 45.1 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ ընդհանուր ցանքատարածությունները ավելացել են 959 հեկտարով:
     Մարզում ակտիվորեն իրականացվում են առկա ջերմոցային տնտեսությունների ընդլայնման և նոր տնտեսություններ հիմնելու ծրագրեր, որոնք նպաստում են ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանն ու նկատելի առաջընթացին:
     Մարզի ղեկավարը խոսել է նաև կրթական և առողջապահական բնագավառների գործունեության մասին:
     Հիշյալ ոլորտների վիճակագրությունն ունի հետևյալ պատկերը.
     Մարզպետարանի ենթակայությամբ գործում են 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական հանրակրթական, 1-ը` հատուկ (օժանդակ), ինչպես նաև՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենակայության 11 ավագ դպրոցներ, 2 կրթահամալաիրներ, 6 պետական քոլեջներ, 5 արհեստագործական ուսումնարաններ:
      2015-2016 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում սովորում են 30345 աշակերտներ, իսկ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ ուսումնական հաստատություններում՝ 4483 աշակերտներ: Ընդամենը մարզի դպրոցներում սովորում են 34828 աշակերտներ: Առաջին դասարան են հաճախում 3998 աշակերտ:
      Մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են 2845 ուսուցիչներ:
      Մարզում գործում են 4 բժշկական կենտրոններ / Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նաիրի/, 1 ծննդատուն /Աբովյան/, 1 քաղաքային պոլիկլինիկա /Նոր Հաճըն/, 1 մարզային արյան բանկ /Հրազդան/, 2 առողջության կենտրոն /Գառնի, Արգել/, 26 առողջության առաջնային պահպանման հաստատություններ:
      Առողջապահական համակարգում աշխատողների թիվը 2015 թվականի տարեվերջին կազմել է 1660: Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 258 է:
      Մարզում անցնող տարվա ընթացքում իրականացվել են մշակութային, մարզական ու սոցիալական համակողմանի ծրագրեր՝ այս ասպարեզներում ևս գրանցելով դրական ցուցանիշներ:
      Պատասխանելով լրագրողների կողմից տրվող տարբեր հարցերի Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն անդրադարձել է նաև 2016 թվականի համար նախատեսված որոշակի գործընթացների և փաստել, որ արդեն իսկ մշակվել են մարզային տարբեր ոլորտների շարունակական զարգացումն ապահովող հստակ ծրագրեր, որոնց իրականացման պարագայում նախատեսվում են ինչպես նոր աշխատատեղերի ձևավորման, այնպես էլ մարզի տնտեսական աշխուժացման հնարավորություններ:
      Մամուլի ասուլիսի ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57