Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ 2015Թ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

12.09.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և այլ պաշտոնատար անձանց հետ  Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները:

ՀՀ Նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներ, որոնք կանցկացվեն հոկտեմբեր ամսին:

«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 2.065 ընտանիք կամ 6.195 մարդ, իսկ ս.թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներին, կազմակերպիչների հավաստմամբ, կմասնակցեն 6000-ից ավելի երեխաներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, երեք մրցույթների ընթացքում ՀՀ Նախագահի մրցանակի համար մասնակիցների թիվն այս տարի կգերազանցի 12.000-ը:

«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է նաև իր կազմում հաշմանդամ անձ ունեցող 19 ընտանիք՝ ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 19 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:

Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ: «Բոլորիս համար ակնհայտ է, որ մասնակցությունն ինքնին արդեն հաջողություն է, բայց մրցույթը մնում է մրցույթ, պայքարը մնում է պայքար։ Ուստի, արժե վայելել հաղթանակի բերկրանքը։ Եվ ես մեծ սիրով և հաճույքով շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։

Ամեն անգամ դիմելով ձեզ՝ ես ասում եմ, որ դուք բացի ձեր ընտանեկան մթնոլորտը ավելի հետաքրքիր դարձնելուց, բացի ձեր երեխաներին հոգեպես և ֆիզիկապես առողջ դաստիարակելուց, նաև մեծ գործ եք կատարում, որովհետև դուք ընդօրինակման ենթակա եք ուրիշների համար: Դուք երջանիկ մարդիկ եք, քանի որ համերաշխ ընտանիքներ եք: Առանց համերաշխության, առանց փոխօգնության, առանց ջերմ մթնոլորտի անհնար է մասնակցել այս մասսայական միջոցառմանը։ Ուստի, մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ ո՛չ միայն ինքներդ զբաղվեք, այլև շատ-շատերին հրավիրեք զբաղվելու, որովհետև մասսայական սպորտը միայն առողջություն չէ՝ մասսայական սպորտն ի վիճակի է մթնոլորտ փոխել, մարդկանց տրամադրությունը փոխել։ Բոլորիս կյանքը բաղկացած է մեծ և փոքր հաջողություններից, մեծ և փոքր հաղթանակներից, անշուշտ, նաև մեծ ու փոքր խնդիրներից։ Չկա այս աշխարհում որևէ մեկը, որ խնդիր չունենա։ Խնդիրները լուծվող են և լուծվում են, բայց կյանքը շարունակվում է։ Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ նոր հաջողություններ։ Դուք չեմպիոններ եք։ Ես շատ ուրախ եմ և շնորհակալ, որ հաճույքով մասնակցում եք այս մրցույթներին»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի պաշտոնական կայք
www.president.am 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32