Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

10.07.2015

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրվա արդյունքները

- Պարոն Մարզպետ. լրացավ Ձեր պաշտոնավարման 100-րդ օրը. եթե փորձենք մի քանի բառով բնութագրել այդ ժամանակահատվածը, ապա ինչպիսի՞ պատկեր կստացվի:
- Այդ 100 օրերը ճանաչողական, մարզային գործընթացների համակողմանի վերլուծության, համայնքային հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու, նոր ծրագրերի կազմման օրեր էին, որոնք, կարելի է, ասել լավ հիմք են նախապատրաստել հետագա գործունեության համար:

- Լինելով Աբովյանի քաղաքապետ՝ Դուք բավականաչափ տեղյակ եղե՞ լ եք մարզային խնդիրներից, թե՞ նոր եք փորձում այդ ամենին ծանոթանալ:
- Բնականաբար համայնքի ղեկավարը, ով շուրջ 7 տարի ղեկավարել է մարզի խոշոր քաղաքներից մեկը, բավականաչափ տեղեկացված է մարզային գործընթացներից, սակայն կան խնդիրներ ու աշխատանքային որոշակի առանձնահատկություններ, որոնք արդեն նոր հայացքով պետք է դիտարկել ու վերլուծել բոլորովին այլ տեսանկյունից:

- Պարոն Գուլոյան. ըստ Ձեզ բարդ աշխատանք է արդյո՞ք մարզպետի աշխատանքը:
- Նախորդ 100 օրերի ընթացքում բավականին ծանրաբեռնված ենք աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ վերլուծենք մարզում առկա հիմնախնդիրները և կազմենք հեռանկարային ծրագրեր այդ խնդիրներին որոշակի լուծումներ հաղորդելու նպատակով: Բարդություններից չենք խուսափում:


- Հիմնականում ի՞նչ կարևոր գործընթացներ եք իրականացրել այս օրերի ընթացքում:
- Ամենակարևորն այցելել եմ մարզի համայնքներ, հանդիպումներ ունեցել համայնքների բնակիչների հետ, եղել համայնքային ու մարզային ենթակայությամբ գործող հաստատություններում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և քննարկել վերջիններիս լուծման հնարավորությունները: Իհարկե ասեմ, որ այդ այցելությունները շարունակական են լինելու և ես իմ աշխատանքը առավելապես պատկերացնում եմ ժողովրդի հետ շփումների, մարզի բնակիչների հետ անընդհատ հանդիպումների ու քննարկումների համատեքստում:
Այս օրերի ընթացքում մենք, այցելություններին զուգահեռ, հանգամանորեն ամփոփել ենք նաև մարզի համայնքներում բարձրացված բոլոր հարցադրումները, վերլուծել այդ ամենը, որոնք մաս են կազմելու ապագայում մարզում նախատեսվող զարգացման ծրագրերին ու հիմք են հանդիսանալու Կոտայքի մարզպետի կողմից ընդունվելիք որոշումների համար. որոշումներ կայացնելիս մեծապես կարևորում եմ հանրության կարծիքը:

- Պարոն Մարզպետ, լինելով անկուսակցական, այնուամենայնիվ ինչպես եք գնահատում մարզում քաղաքական իրադրությունը, ի՞նչ իրավիճակ է ներկայումս:
- Ձեր հարցը բավականին ճիշտ սկսեցիք, ես անկուսակցական եմ և կատարում եմ բացառապես ՀՀ գործող օրենսդրությամբ մարզպետին վերապահված գործառույթներ: Այդ տրամաբանությամբ վերլուծելով հարցի բնույթը՝ պետք է նշեմ, որ ինչպես քաղաքական, այնպես էլ տարբեր այլ ասպարեզներում իրադրությունները մարզում բավականին կայուն և բնականոն են:

- Քաղաքապետի պաշտո՞նն եք առավել նախընտրում, թե՞ մարզպետինը:
- Գիտեք, երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, երկու դեպքում էլ առկա է հսկայածավալ անելիք. պարզապես պետք է սիրել աշխատանքը և ամեն ինչ շատ արագ դառնում է և՛ նախընտրելի, և՛ հաճելի:


- Ի՞նչ հասցրեցիք և ի՞նչ չհասցրեցիք անել այս 100 օրերի ընթացքում:
- Հիմնականում այս ժամանակահատվածի համար ծրագրված բոլոր գործընթացներն իրականացվել են և, ինչպես զրույցի սկզբում նշեցի, առկա են բոլոր նախադրյալները առաջիկայում առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար:

- Ինչպիսի՞ն են փոխհարաբերությունները մարզպետարանի աշխատակիցների հետ. լինելով մարզի նախկին քաղաքապետերից մեկն այնտեղ ի՞նչ շփումներ եք ունեցել:
- Իմ կողմից յուրաքանչյուր աշխատակից գնահատվելու է իր կատարված աշխատանքով: Ես առաջին իսկ օրվանից ասել ու հիմա էլ կրկնում եմ որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, ընդամենը յուրաքանչյուրն իր պարտականությունները պետք է կատարի ամբողջական ծավալով ու բարեխղճորեն: Լինելով Աբովյանի նախկին քաղաքապետը՝ բոլորի հետ ձևավորել եմ փոխադարձ հարգանքի վրա կառուցված փոխհարաբերություններ, սակայն ներկայումս ղեկավարում եմ այդ աշխատակազմը և պահանջելու եմ որակյալ ու արդյունավետ աշխատանք, բոլորը պետք է իրենց գործունեությունը կազմակերպեն այդ տիրույթում:

- Իսկ ինչպիսի՞ն են փոխհարաբերությունները մարզի համայնքների և այլ կառույցների ղեկավարների հետ:
- Շատ ջերմ գործընկերային, հաճախ նաև ընկերական փոխհարաբերություններ են ձևավորված՝ իհարկե առաջին տեղում ունենալով Կոտայքի մարզը ամուր և բարձր դիրքերում պահելու թիվ մեկ նախապայմանը:


- Երիտասարդ տարիքն արդյո՞ք չի խանգարում ղեկավարել առավել տարիքով ու փարձառու անձանց:
- Նպատակները, ծրագրերը, խնդիրներն ու պահանջները ճշգրիտ ձևակերպելու դեպքում խանգարող հանգամանքներ չեն լինում:

- Բոլոր նորանշանակ պաշտոնյաներին բնորոշ է կադրային ջարդը:
- Դա իմ գործելաոճը չէ. ես աշխատանք եմ պահանջում, միայն աշխատանք:

- Շա՞տ են արդյոք մարզի հիմնախնդիրները և ինչպիսի լուծումներ են պահանջելու:
- Կարծում եմ, որ մարզային հիմնախնդիրները պետք է դիտարկել ոչ թե ծավալային, այլ առաջնահերթության և հաջորդականության սկզբունքով. այս երկրորդ տեսանկյունից նայելով՝ բնականաբար առկա հիմնախնդիրների լուծմանը տրվում է առավել համակարգված մոտեցում: Նշեմ, որ մարզի համայնքներում հրատապություն ունեցող շատ հիմնախնդիրներ իրենց լուծումներն են ստացել և ստանալու են ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող միջոցներով, աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ այլ միջոցներ ևս ներգրավելու նպատակով: Ծրագրերը բազմաթիվ են, որոնք կյանքի են կոչվելու առաջիկայում:

- Ձեր պաշտոնավարման 100 օրերի ամփոփումը համընկնում է նաև տարվա առաջին կիսամյակի ամփոփման հետ: Ինչպե՞ս է մարզը ամփոփում առաջին կիսամյակը:
- Մենք կարողացանք կիսամյակային արդյունքներով համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշները հասցնել 100 և ավելի տոկոսի, որը բնականաբար կնպաստի համայնքային գործընթացների առավել արդյունավետ իրականացմանը:
Մարզն ունեցել է նաև դրական զարգացումներ տնտեսության տարբեր ճյուղերում: Այս ամենով հանդերձ պետք է նշենք նաև, որ կան լրջագույն անելիքներ հաջորդ կիսամյակի համար, որպեսզի հնարավոր լինի ապահովել տարեկան բարձր ցուցանիշների առկայությունը մարզում: Մարզն ունի զբոսաշրջային ոլորտի զարգացման ծավալուն հնարավորություններ, որոնք համարում ենք մեր գործունեության առաջնահերթ ուղղությունը: Առաջիկայում լուրջ անելիքներ ունենք ոռոգման համակարգի բարելավման, մարզի գյուղատնտեսության ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

- Պարոն Մարզպետ, որոնք եք համարում Ձեր գործունեության առաջնահերթ ուղղությունները:
- Մարզպետին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների ամբողջական իրագործումը, մարզի համայնքների շարունակական զարգացումը, մարզի տնտեսական աշխուժությանը նպաստելը, ներդրումային նոր ծրագրերի ու բնականաբար նոր աշխատատեղերի ապահովումը մարզում և այլն: Թերևս ամեն ինչը՝ մարզի զարգացման հետ կապված:

- Պարոն Գուլոյան, և վերջում հնչեցնենք ամփոփիչ ու փոքր-ինչ ազատ ոճի մի հարց. սիրում եք Կոտայքի մարզը:
- Կոտայքի մարզը ոչ միայն հիմա, այլ բոլոր ժամանակներում եղել և մնում է Հայաստան աշխարհի՝ ինձ համար ամենաբացառիկ անկյունը, իմ ծննդավայրը, որտեղ ապրում ու արարում են կամային ինքնատիպ հատկություններ ունեցող, աշխատասեր, ստեղծագործ և հյուրասեր մարդիկ:


Հարցազրույցը՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի
աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնի

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27