Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ/տեսանյութ/

29.06.2015



Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ մարզի ներկայացուցչական պատվիրակություն է այցելել ԼՂՀ Շահումյանի շրջան:
Պատվիրակության կազմում են եղել մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մարզային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ:
Աշխատանքային այցելությունը մեկնարկել է Շահումյանի վարչական շրջանի կենտրոն Քարվաճառ համայնքում Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությամբ, որին հաջորդել է պաշտոնական հանդիպումների շարքը:
Կոտայքի մարզպետի գլխավորած մարզային պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետ Ա. Հարությունյանի, Շահումյանի վարչական շրջանի ղեկավար Կ. Եղիշյանի, ինչպես նաև վարչական շրջանի համայնքների ղեկավարների հետ:
Ողջունելով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ կազմակերպված այցելությունը՝ ԼՂՀ Վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է Կոտայքի մարզի և Շահումյանի շրջանի միջև համագործակցությունն ու նշել, որ այդ փոխգործակցությունը կարող է ընդգրկել հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներն ու վերջիններիս մաս կազմող ենթակառուցվածքները:
ԼՂՀ Վարչապետն ու շրջանի վարչակազմի ղեկավարը ներկայացրել են նաև Շահումյանի զարգացման հնարավորությունները և այդ ուղղությամբ մշակված ծրագրերը:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ինչպես նաև նշել, որ առաջիկայում առավել ընդլայնվելու են ձևավորված համագործակցության ուղղությունները:
Կ. Գուլոյանը ԼՂՀ Շահումյանի շրջանի ղեկավար կազմին և համայնքների ղեկավարներին առաջիկայում հրավիրել է Կոտայքի մարզ:
Պաշտոնական հանդիպումների ավարտին տեղի է ունեցել նաև Կոտայքի մարզի և Շահումյանի շրջանի համայնքների միջև փոխհամագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն:
Աշխատանքային այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից ԼՂՀ վարչական շրջանին են հանձնվել շտապ բժշկական օգնության մեքենա, բուժսարքավորումներ, համակարգչային տեխնիկա, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար պահանջվող կրթական և օժանդակ պարագաներ:
Հավելենք նաև, որ պաշտոնական այցին զուգահեռ Քարվաճառի բժշկական կենտրոնում Կոտայքի մարզի բժիշկ-մասնագետների կողմից Շահումյանի շրջանի բնակիչների համար կազմակերպվել են համապատասխան բժշկական հետազոտություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունն ավարտվել է Քարվաճառի մշակույթի կենտրոնում Կոտայքի մարզի լավագույն համույթների և անհատ կատարողների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Դադիվանքի եկեղեցական համալիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32