Նորություններ
Լրահոս
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
23.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Եղվարդ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված ոգեկոչման արարողությանը:
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղադրված խաչքար հուշակոթողի բացման արարողությունն իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գերդաստանի թոռ, <<Սամբո>> մարզաձևի աշխարհի առաջնության չեմպիոն Վաչիկ Վարդանյանը:
Այնուհետև ձեռամբ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանի կազմակերպվել է նոր տեղադրված հուշակոթողի օրհնության կարգ:
Համայնքային արարողության պաշտոնական հատվածին հաջորդել են օրվա խորհուրդն ունեցող մի շարք կատարումներ և 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը՝ Հայոց Մեծ եղեռնը դատապարտող և ազգային պահանջատիրության հենքի վրա կառուցված ելույթներ:
Եղվարդում կայացած միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև տեղի Արվեստի դպրոցի սաները, իսկ եկեղեցու բակում բացվել է նկարչական աշխատանքների թեմատիկ ցուցահանդես: