Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

22.04.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մինչ միջոցառման մեկնարկը երաժշտական դպրոցի բակում հնչել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված կատարումները, որոնք շարունակվել են նաև դահլիճային արարողության ընթացքում:
Երաժշտական դպրոցի նախասրահում ցուցադրվել են նաև Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների նկարչական թեմատիկ աշխատանքները:
Ոգեկոչման մարզային արարողությունը մեկնարկել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրանիկ աբեղա Գևորգյանի օրհնության խոսքով:
Դիմելով մարզային միջոցառման մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը նշել է, որ <<Այս օրերին մարզում իրականացվել են ոգեկոչման բազմապիսի և բազմաժանր միջոցառումներ, տարբեր համայնքներում տեղադրվել են խաչքար-հուշակոթողներ, կազմակերպվել են հոգևոր ու աշխարհիկ հսկայածավալ արարողություններ, որոնք արժանիորեն մաս են կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող համապետական ու համազգային նախաձեռնությունների շարքին>>:
Մարզային միջոցառման ընթացքում, օրվա խորհրդին բնորոշ իրենց կատարումներով հանդես են եկել մարզի լավագույն գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները:
Արարաղության մասնակիցներին ներկայացվել են Կոմիտասի և Բախի մի շարք ստեղծագործություններ, ազգային, հոգևոր ու հայրենասիրական բազմաբնույթ կատարումներ, ինչպես նաև ասմունքել են մարզային ու հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր ասմունքողներ:
Ոգեկոչման արարողության ընթացքում կազմակերպվել են նաև մարզի դպրոցականների՝ <<Հիշում եմ և պահանջում…>> խորագրով շարադրությունների մրցույթի լավագույն աշխատանքների ընթերցումներ, որից հետո հիշյալ մրցույթում հաղթող ճանաչված 10 աշակերտներ արժանացել են ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհակալագրերի և խորհրդանշական հուշանվերների:
Մարզային ոգեկոչման ձեռնարկն ավարտվել է Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կատարումներով:
Այնուհետև երաժշտական դպրոցի բակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված երիտասարդական երթը, որն ավարտվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում կազմակերպված հոգևոր արարողությամբ:
Մարզի երիտասարդները մասնակցել են նաև մոմավառության և եկեղեցու աստիճանավանդակին կազմակերպել ֆլեշ-մոբ՝ ստանալով 100 թվի խորհրդանշական պատկերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57