Նորություններ
Լրահոս
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
09.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ:
Առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ ունեցած ճանաչողական հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել բուժ.հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը և մարզի բնակչությանը պատշաճ բժշկական ծառայություններ մատուցելուն միտված առաջնահերթ ուղղությունները:
Մարզի առողջապահական հիմնարկների պատասխանատուները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրային մոտեցումները:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում կարևորել է մարզի տարածքում գործող առողջապահական ընկերություններում համակողմանի դրական աշխատանք ապահովելու գերակայությունը, ընդգծել վերջիններիս կողմից մարզի բնակիչների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու հրամայականը, ինչպես նաև նշել, որ հիշյալ հաստատությունները պետք է իրենց գործառույթներում և ծրագրերում ներդնեն ժամանակի պահանջներին համահունչ ու արդիական չափանիշներին համապատասխանող նոր մոտեցումներ:
Կոտայքի մարզպետը փաստել է, որ առողջապահության համակարգի պատասխանատուները պետք է կարողանան իրենց կողմից ղեկավարվող հաստատությունների զարգացման ծրագրերին հաղորդել որակապես նոր լիցքեր, որի արդյունքում հնարավոր կդառնա մարզում ունենալ ժամանակակից առողջապահական բնագավառ և մարզի համայնքների բնակիչների համար ստեղծել բուժ.սպասարկման հարմարավետ պայմաններ: