Նորություններ
Լրահոս
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
24.05.2014
Այս պահին Կոտայքի մարզում ընթանում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, որոնց մեկնարկը պայմանավորված է մարզի տարբեր տարածաշրջաններին բնորոշ բնակլիմայական պայմանների առանձնահատկություններով: Հիշյալ առանձնահատկություններով են պայմանավորված նաև տարածաշրջաններում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ուղղվածություններն ու մշակվող կուլտուրաների տեսակները, այս ամենով հանդերձ հարկ է նկատել, որ մարզի բոլոր համայնքներին գրեթե բնորոշ են մշակաբույսերի ցանքսի աշխատանքները:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառի գործունեությանն անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվում է գյուղացիական տնտեսությունների համար մատչելի սերմացուի, դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի տրամադրման ծրագիրը՝ դրականորեն նպաստելով գարնան գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ մեկնարկին:
2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության կողմից մատչելի գներով մարզին հատկացվել է 1548 տոննա ազոտական պարարտանյութ և շուրջ 312 հազ. լիտր դիզելային վառելանյութ, ինչպես նաև 77 տոննա գարու սերմացու և շուրջ 2 տոննա առվույտի սերմացու:
Հիշյալ օժանդակությունն արդեն իսկ բաշխվում է մարզի համայնքների միջև, վերջիններիս կողմից նախապես ներկայացրած հայտացուցակների համամասնությամբ: Պետք է նկատել, որ համայնքներն արդեն իսկ օգտվել են ընձեռված հնարավորությունից և սպառել են մարզին հատկացված հիշյալ օժանդակության մեծ մասը:
Արդյունքում նախորդ տարվա գարնանացան ցանքատարածությունների համեմատ մարզում այս տարվա կանխատեսումները ևս դրական են, մասնավորապես՝ կանխատեսվում է գարնանացան ցորենի ցանքատարածությունների շուրջ 25 %, գարու՝ շուրջ 10, իսկ հացահատիկային մշակաբույսերի այլ տեսակների ցանքատարածությունների շուրջ 5% աճ:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ մարզում ակտիվանում է նաև այգեգործությունը, որով հիմնականում զբաղվում են խնձորենիների, ինչպես նաև կորիզապտուղների այգիների մշակմամբ զբաղվող զգալի թվով գյուղացիական տնտեսությունները:
Ըստ համապատասխան ոլորտի մասնագետների կանխատեսումների տարին հիշյալ պտուղների բերքառատության առումով խոստումնալից էր, սակայն սույն թվականի մարտ ամսվա վերջին պատուհասած ցրտահարության և տեղացած առատ ձյան հետևանքով մարզի գյուղացիական տնտեսություններին հասցված վնասն իրավամբ փոխեց ձևավորված պատկերը:
Ցրտահարությունից տուժել են մարզի 10 համայնքների 496 շահառուներ (համապատասխան ցուցակները տեղադրված են մարզպետարանի պաշտոնական կայքում) http://kotayk.gov.am/crtaharutyun/:
ՀՀ Կառավարության կողմից վնասներ ունեցող գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է աջակցություն՝ մարվելու է հողի հարկը, իսկ ոռոգման ջրի վարձավճարը զեղջվելու է 50 %-ով: