Նորություններ
Լրահոս
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>>,<<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>>, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
19.05.2014
Հրազդան քաղաքի N 13 ավագ դպրոցում կազմակերպված կլոր-սեղանի շրջանակներում ամփոփվել են <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթի Կոտայքի մարզային փուլի արդյունքները:
Հիշյալ կլոր սեղան- հանդիպումը տեղի է ունեցել համապատասխան մրցույթի անցկացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստի ընթացքում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Նիստի մեկնարկի պահին հանձնաժողովի անդամները ներկայացրել են մրցույթների մասնակիցների մոտ կազմակերպված բաց դասերի, դասալսումների, ինչպես նաև ամփոփման օրը Հրազդանի N 13 ավագ դպրոցում կազմակերպված վարպետաց դասերի արդյունքները:
Այնուհետև, ըստ սահմանված կարգի, տեղի են ունեցել դասավանդման հիմնախնդիրներին և հանրակրթության հարցերին վերաբերող ազատ քննարկումներ, որի ընթացքում մրցույթի մասնակիցները համապատասխան ուղղությունների վերաբերյալ արտահայտել են իրենց դիրքորոշումներն ու տեսակետները՝ պատասխանելով հանձնաժողովների անդամների կողմից տրվող հարցերին:
Հանձնաժողովի կողմից իրականացված փակ քվեարկության արդյունքում՝ ձայների մեծամասնությամբ <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթում հաղթող է ճանաչվել Գառնիի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մարգարիտա Ղազարյանը, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթում՝ Աբովյանի N 10 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Ադամյանը, <<Տարվա լավագույն տնօրեն>> մրցույթում՝Գառնի բանավանի հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Գասպարյանը: