Նորություններ
Լրահոս
ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
28.01.2014
Հայկական բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանի կապակցությամբ Կոտայքի մարզում տեղակայված N զորամաս է այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ:
Զորամասում Կոտայքի մարզպետը մասնակցել է Բանակի օրվա առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը և շքերթին, շնորհավորական խոսքով դիմել զինվորներին` իր խոսքում ընդգծելով հայոց բանակի կազմավորման, կայացման ու կատարելագործման փուլերից յուրաքանչյուրի կարևորությունները:
Այնուհետև զորամասում ՀՀ Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ կազմակերպվել է տոնական համերգ` մարզի լավագույն պարային համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ:
Բանակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շարքն ամփոփվել է զորամասի զինվորների և մարզի ավագ ու միջնակարգ դպրոցների ավարտական դասարանների մի խումբ աշակերտների մասնակցությամբ կազմակերպված <<Իմ փառապանծ բանակը>> խորագիրն ունեցող ռազմա-հայրենասիրական դասով, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվել են զորամասի առօրյայի, ինչպես նաև զինվորական ծառայության հիմնական ուղղությունները` անդրադարձ կատարելով բանակաշինության գործընթացների առաջնահերթություններին ու գերակայություններին:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը նաև շրջել է զորամասում, զրուցել զինվորների հետ:
Բանակի օրվա շրջանակներում նախատեսված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում տոնական հանդիսություններ են կազմակերպվել ինչպես մարզի քաղաքային և գյուղական համայնքներում, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատություններում: