Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ <<ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ ԵՎ ԺԱՆԳՈՏ ԿՈՂՊԵՔ 2013>> ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

28.09.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը և ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա.Օհանյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետությունում ունենան հաջողություն, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հենց այս նախաձեռնությունն ունի էական դերակատարություն:
Հատուկ մրցանակի է արժանացել ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, որը խորհրդանշում է բաց և հրապարակային աշխատանքը, շնորհվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել է Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններ են ճանաչվել ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Տեղեկատվության բովանդակությունն ու տեղադրված նկարն ըստ government.am կայքի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33