Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃ Ամփոփ վերլուծություններ և հեռանկարային ծրագրերի մշակում մարզային կրթական համաժողովում

29.08.2013

Նախորդ ուսումնական տարվա ամփոփման և նոր ուսումնականի հեռանկային ծրագրերի նախանշման նպատակով Աղվերանում տեղի է ունեցել Կոտայքի մարզային ամենամյա կրթական համաժողովը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը։
Մարզային կրթական համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ու ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ մեկնարկած համաժողովի ընթացքում ներկայացվել են հանրակրթության բնագավառի գործունեության տարաբնույթ մանրամասներ, վերլուծության ենթարկվել համակարգում իրականացվող աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն անդրադարձել է սովորողների ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագրերին և խնդիրներին, ինչպես նաև այդ ուղղությամբ նախատեսվող անելիքներին։ ՀՀ Պաշտպանության նախարարը կարևորել է բանակ-դպրոց փոխհամագործակցության ուղղությունները` անդրադառնալով այդ գործընթացի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, իր խոսքում ներկայացնելով դպրոցների զինղեկների աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու կրթօջախներում վերջիններիս կարգավիճակին վերաբերող մի շարք կարևորագույն դիտարկումներ։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում ընդդծել է պետական կրթական քաղաքականության գերակայությունները, ներկայացրել հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական միտումներն ու դրսևորումները, ինչպես նաև վերջիններիս շարունակականության ապահովման մեխանիզմները։ ՀՀ Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է նաև մանկավարժական կադրերի մասնագիտական որակին, դպրոցական դասագրքերին ու կրթական ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի` ներկայացնելով նոր ուսումնական տարում համակարգում ներդրված նոր ծրագրերն ու նախաձեռնությունները։
Նախարարները պատասխանել են նաև դպրոցների տնօրենների կողմից բարձրացվող հարցերին։
ՀՀ Կոտայքի մարզի կրթության բնագավառում 2012-2013 ուսումնական տարում իրականացված աշխատանքների և 2013-2014 ուսումնական տարվա ծրագրերի վերաբերյալ ընդգրկուն վերլուծական է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը` նշելով, որ <<Առավել քան ակնհայտ են կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության դրական դրսևորումները, պետական հոգածության ծավալներն ու որակները, որոնք նոր պահանջներ են դնում համակարգի առջև>>։
Կոտայքի մարզպետն իր խոսքում նշել է, որ նախնական տվյալներով 2013-2014 ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում կձևավորվեն 1345 դասարան-27968 աշակերտներով, նախորդ տարվա 27031-ի դիմաց, իսկ ավագ դպրոցներում կձևավորվեն շուրջ 225 դասարաններ` 5145 աշակերտներով։
Առաջին դասարան կհաճախեն շուրջ 3500 աշակերտներ, նախորդ տարվա 3408-ի փոխարեն կամ առաջին դասարան հաճախողների թիվը կաճի շուրջ 90-ով։
Սովորողների հոգևոր դաստիարակության աշխատանքների կազմակերպման ուղղությամբ Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի կողմից իրականացվող ծրագրերին է անդրադարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Մարզային կրթական համաժողովի շրջանակներում քննարկվել են նաև հանրակրթական դպրոցներում <<Շախմատ>> առարկայի դասավանդման ուղղություններին և ձեռնարկվող գործընթացներին, մարզի կրթական հաստատություններում սովորողների բուժսպասարկմանը, կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքերի սանիտարա-հիգիենիկ իրավիճակին, ինչպես նաև մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ներքին աուդիտի արդյունքում դիտարկված խնդիրներին և վերջինների ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր։
Ավանդաբար կազմակերպվող կրթական համաժողովի օրակարգին մաս են կազմել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչության և մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքին և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Կոտայքի մարզային կրթական համաժողովի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը մարզի բոլոր դպրոցներին նվիրել է իր կողմից հեղինակված գրականություն, իսկ մի շարք տնօրեններ պարգևատրվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի ու Կոտայքի մարզպետի պատվոգրերով։
Նույն օրը հանրակրթական դպրոցների փոխտնօրեններն ու առարկայական մասնախմբերի ղեկավարները մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված սեմինար-պարապմունքի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28