Նորություններ
Լրահոս
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
17.06.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք, որտեղ ներկա է գտնվել քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծանոթացել է համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Փոխվարչապետը մարզպետ Կ. Շահգալդյանի եւ քաղաքապետ Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Փոխվարչապետին ներկայացվել է նաև քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի ընթացքը: Այն իրականացվում է «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագրի» շրջանակում` "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության կողմից:
"Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը տեղեկացրել են, որ Բյուրեղավանում ծրագիրը մեկնարկել է մայիսին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես կվերականգնվեն քաղաքը սնող աղբյուրները, կկառուցվեն ջրաբաշխիչ հանգույցներ, քլորակայան, նոր պոմպակայան: Կկառուցվի եւ կվերակառուցվի շուրջ 10 կմ ջրագիծ, կվերանորոգվի օրվա կարգավորիչ ջրամբարը: