Նորություններ
Լրահոս
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
20.03.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հրազդան քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Հիշյալ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը, Հրազդանի քաղաքապետ Ա.Դանիելյանը, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ն.Գևորգյանը, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի հյուսիս-արևմտյան մասնաճյուղի տնօրեն Դ.Գրիգորյանը, ինչպես նաև բնագավառի մի շարք մասնագետներ:
Խորհրդակցության շրջանակներում Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը ներկայացրել է քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգում առկա հիմնախնդիրների շուտափույթ լուծմանն առնչվող հարցեր, անդրադարձել վերջինիս արդյունավետ գործունեության ապահովմանը միտված միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու նկատառումներով, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ջրամատակարարման պատշաճ ապահովմանն ուղղված գործընթացներում համագործակցված աշխատանք ծավալելու ուղղությամբ: