Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

21.11.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Կոտայքի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին:

Մարզպետ Կ. Շահգալդյանի եւ "Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ տնօրեն Ա. Ղազարյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղավ Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի եւ "Արզնու ճյուղ" ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացավ աշխատանքներին, որոնք իրականացվում են "Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի" լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով: Զեկուցվեց, որ աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարված է, հիմնական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ծրագրով նախատեսվում է վերականգնել Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի 7,9 կմ եւ "Արզնու ճյուղ" ջրանցքի 9,1 կմ հատվածները:

Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 96 մլն դրամով Պռոշյան համայնքում կառուցվել է նոր` 3,4 կմ երկարությամբ ոռոգման ցանց, ինչը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել լրացուցիչ 180 հա տարածք: Կառուցվել է նաեւ համայնքի նոր թաղամասի 1,2 կմ երկարությամբ խմելու ջրագիծը, որի համար նույն ծրագրով 24 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, տեղում նաեւ համայնքապետի հետ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման, ընթացիկ ծրագրերի հետ կապված հարցեր:

Ալափարս համայնքում երրորդ ծրագրով հատկացված 52,8 մլն դրամով կառուցվել է 2,4 կմ երկարությամբ ոռոգման նոր ցանց: Փոխվարչապետին զեկուցվեց, որ նույն ծավալի աշխատանքներ են նախատեսվում նաեւ չորրորդ ծրագրով, որի ավարտից հետո շուրջ 300 հա-ով կավելանան ոռոգելի հողատարածքները եւ անխափան ջրամատակարարում կապահովվի:

Հրազդան քաղաքում Ա. Գեւորգյանն այցելեց "Լինսի" հիմնադրամի միջոցներով կառուցված թիվ 12 դպրոց, որը շահագործման է հանձնվել 2008թ. սեպտեմբերին: Ա. Գեւորգյանը ծանոթացավ պայմաններին, շենքի պահպանման հետ կապված հարցեր քննարկեց պատասխանատուների հետ: Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ քաղաքի թիվ 8, 9, 11 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին. երրորդ եւ չորրորդ ծրագրերով այս դպրոցների նորոգման համար հատկացվել էր համապատասխանաբար 96 մլն, 76 մլն եւ 92 մլն դրամ, երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում չորրորդ ծրագիրն սկսելու համար:

Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանում`պատասխանատուների, Ծաղկաձորի եւ Հրազդանի քաղաքապետերի մասնակցությամբ: Քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ եւ չորրորդ ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաեւ ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Զեկուցվեց, որ մարզում երրորդ ծրագիրը մոտենում է ավարտին, առաջիկայում կմեկնարկեն չորրորդ ծրագրի աշխատանքները: Փոխվարչապետին մասնավորապես տեղեկացվեց, որ երրորդ ծրագրով ավարտվել են միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները. բարեկարգվել է Նոր Գեղի- Քարաշամբ 6 կմ հատվածը, ինչպես նաեւ նախկինում գրեթե անանցանելի Արագյուղ-Քարաշամբ` 3,7 կմ ճանապարհը, որոնց համար երրորդ ծրագրով հատկացվել էր համապատասխանաբար 38 եւ 55 մլն դրամ:

Խորհրդակցությանը Ա. Գեւորգյանն անդրադարձավ Կոտայքի մարզում "Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին" օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված ցուցանիշներին` նշելով, որ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտվել սահմանված արտոնություններից` վճարելով հողի հարկի եւ գույքահարկի մասով ունեցած պարտքի մայր գումարը` ազատվել տույժերից: Նա հորդորեց համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել բնակիչների շրջանում:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36