Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ
14.07.2012
ՀՀ Կոտայքի մարզի և ԼՂՀ Շահումյանի շրջանի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակներում Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնք է այցելել Կոտայքի մարզի պատվիրակությունը, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի գլխավորությամբ: Մարզային պատվիրակությունը նախ այցելել է զոհված ազատամարտիկների, ինչպես նաև Կոտայքի մարզի կողմից Քարվաճառում տեղադրված հուշարձաններ, հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին:
Այնուհետև մարզային պատվիրակությունն այցելել է Շահումյանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն ու Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վ. Դանիելյանը քննարկել են փոխհամագործակցության ծրագրի հիմնական դրույթները, անդրադարձ կատարել վերջինիս շրջանակներում առաջիկայում նախատեսվող ձեռնարկներին:
Քարվաճառ համայնքում Կոտայքի մարզի առողջապահական հաստատությունների կողմից կազմակերպվել են բնակիչների անվճար հետազոտություններ: Հիշյալ հետազոտությունների արդյունքներով մարզի բժիշկները Շահումյանի շրջանի բնակիչներին, ըստ անհրաժեշտության, ուղեգրել են մարզային բուժհիմնարկներ համապատասխան վիրահատություններ, ինչպես նաև բուժման երկարատև ընթացք իրականացնելու նպատակով:
Քարվաճառ համայնքի մշակույթի տան դահլիճում Կոտայքի մարզի և Շահումյանի շրջանի պարային համույթների և անհատ կատարողների ուժերով կազմակերպվել է համերգային ծրագիր:
Կոտայքի մարզի պատվիրակությանը Ստեփանակերտում ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանը: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում ևս քննարկվել են Կոտայքի մարզի և Շահումյանի շրջանի միջև ձևավորված համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր: