Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

02.02.2012

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզպետի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը:
Մարզի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել և մարզում իրականացվող գործընթացների վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը:
Հրապարակված վիճակագրության համաձայն Կոտայքի մարզի բնակչության թիվը 2011թ. կազմել է 283.5 հազար մարդ, որը կազմում է հանրապետության ողջ բնակչության 8.6%-ը, որից 159.2 հազ. քաղաքաբնակներ են (56.1%), 124.3 հազարը` գյուղաբնակներ (43.9%)։ Նախորդ տարվա համեմատ մարզի բնակչության թիվը աճել է 1400-ով։
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն իր խոսքում նշել է, որ նախորդ տարվա ընթացքում զգալի աշխատանք է կատարվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ և այդ հավաքագրման պլանը կատարվել է 102.4%-ով։
Կոտայքի մարզպետը տեղեկացրել է նաև, որ նախորդ տարվա համեմատ զգալի բարձրացել է համայնքների հողի հարկի և գույքահարկի հավաքագրման մակարդակը:
Անդրադարձ է կատարվել արդյունաբերության բնագավառի գործունեությանը` Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ 2011-ին մարզում արտադրվող ապրանքատեսակների արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6մլրդ. 168մլն. դրամով կամ աճը կազմել է 45%: Արտահանվել են հիմնականում մրգահյութեր և բանջարահյութեր, գինիներ, կոնյակ, ցեմենտ, հանքային ջրեր, ապակե տարաներ, պատրաստի մետաղական արտադրատեսակներ և այլն:
Մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում հաստատվել է համայնքային ծառայության 607 պաշտոն, որոնցից տարեվերջի դրությամբ զբաղեցված են 577-ը, թափուր են 30 հաստիքներ, որից 3-ը աշխատակազմերի քարտուղարների։
2011թ. բերքի տակ կատարվել է 13504 հա գյուղատնտեսական մշակաբությսերի ցանք:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն իր ելույթում նշել է, որ Նախորդ տարվա համեմատ ավելացել է գյուղատնտեսական մշակաբույսերից ստացված համախառն բերքը: Նախորդ տարվա համեմատ 1080 հա-ով ավելացել են նաևաշնանացանի ցանքատարածությունները:
2011 թվականին պետական բյուջեի միջոցներով Կոտայքի մարզպետարանին հատկացվել է 308.0 մլն. դրամ, շարունակական համարվող 9 կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար։
Համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից մարզին տարվա ընթացքում երկու անգամ` փետրվար և սեպտեմբեր ամիսներին հատկացվել է 1 մլրդ 318 մլն-ական դրամ, որն ուղղվել է մարզի համայնքներում խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային և կրթական օբյեկտների հիմնանորոգման հրատապ ծրագրերի իրականացմանը
Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն մարզում ընդհանուր օգտագործման պետական և համայնքային ենթակայության ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 593.9 կմ, այդ թվում 48.9 կմ միջպետական, 417.2 կմ հանրապետական և 127.8 կմ տեղական նշանակության։
Մարզի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ 2011թ. կատարված աշխատանքներն ու խնդիրները, ինչպես նաև անդրադարձ կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ոստիկանության վարչության ստորաբաժանումների փոխհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք համապատասխանաբար ներկայացրել են մարզային փրկարարական վարչության պետ Գ. Գրիգորյանն ու ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ Մ. Վարդանյանը:
Մարզի խորհրդի նիստի ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը պատասխանել է նաև տեղական ու հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32