Նորություններ
Լրահոս
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
24.11.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանն այցելել է Կոտայքի մարզ: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Բյուրեղավան քաղաքի մանկապարտեզի, ինչպես նաև Հրազդան քաղաքի N2 հիմնական դպրոցի հիմնանորգման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում: Հիշյալ ծրագրի առաջին մասով Բյուրեղավանի մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է 64.5 մլն դրամ, իսկ երկրորդ մասով՝ 50 մլն դրամ գումար: Հրազդանի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման համար հատկացվել է 40 մլն դրամ և նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ:
Այնուհետև մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի և երկրորդ մասի իրականացման ընթացքի վերաբերյալ: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին հատվածում մարզի համայնքներում կատարվել են խմելու և ոռոգման ջրագծերի վերականգնման, գազիֆիկացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների, մշակութային և կրթական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի երկրորդ մասով նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են: Հիմնականում վերանորոգվելու են հանրակրթական դպրոցներ, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մի շարք համայնքներում կվերականգնվեն ջրագծեր: Մարզի տասը համայնքներում հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշները 2011 թվականի տասը ամիսների տվյալներով: Անդրադարձ է կատարվել հավաքագրումների ընթացքին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նոյեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերի հավաքագրման կատարողականը կազմել է 100 %, հավաքագրվել է 3,8 մլրդ դրամ:
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 97, 8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 %-ով:
Ներկայացվել են նաև մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների հիմնական ցուցանիշներն ու գյուղատնտեսական տարվա արդյունքները. մարզում կատարվել է 6200 հա աշնանացան` 932 հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Այս տարի առատ է եղել նաև բերքը. արտադրվել է 20 448 տոննա հացահատիկ` նախորդ տարվա 11 031 տոննայի դիմաց, 28 306 տոննա բանջարեղեն` 8556 տոննայի դիմաց, 10 543 տոննա պտուղ` 8500 տոննայի դիմաց:
ՀՀ փոխվարչապետին ներկայացվել են սերմացուի վերադարձելիության և բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող համապատասխան տեղեկատվություններ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հրազդան քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ համատեղ քննարկվել են խմելու ջրի ներքին ցանցի վերականգնման, կորուստների նվազեցման, ջրամատակարարման տևողության և աշխատանքների ավարտման ժամկետներին վերաբերող հարցեր:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են նաև մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ու անհրաժեշտ շենքային պայմանների տրամադրման, բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման, նպաստառու ընտանիքների փաստագրման, ինչպես նաև մարզի համայնքների գլխավոր հատակագծերի և հողերի գոտիավորման սխեմաների կազմման գործընթացները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զորակոչային հաշվառման ընդհանուր իրավիճակին ու զորահավաքային մարմինների գործառույթներին:
Օրակարգային հարցերին մաս է կազմել նաև անհատական տների տիպային նախագծերի օգտագործման ուղղությամբ իրականցվող աշխատանքների վերլուծությունը:
ՀՀ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել նաև ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարևորելով ձեռնարկությունների /իրավաբանական անձի գրանցման/, ավտոմեքենաների տեխզննման, կադաստրային գրանցումների ընթացակարգերի արդյունավետությանը միտված հարցերը: