Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

27.08.2011

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային կրթական համաժողովը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջներդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով մեկնարկած համաժողովին մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի բաժնի պետ Ա. Պողոսյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու հանրակրթական դպրոցների տնօրենները:
Կոտայքի մարզպետն իր խոսքում ներկայացրել է պետական կրթական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն ու ընդգծել ոլորտում ընթացող բարեփոխումների և պետական ծրագրերի ու անհրաժեշտ հոգածության աննախադեպ ծավալները, որոնք մեծապես նպաստում են համակարգի կատարելագործմանն ու առաջընթացին:
Մարզային կրթական համաժողովում ներկայացված վիճակագրության համաձայն 2010-2011 ուսումնական տարում մարզում գործել են 90 ընդհանուր, 1 հատուկ հանրակրթական դպրոց և 2 արհեստագործական ուսումնարան: 2010-11 ուսումնական տարում մարզի տարածքում գործող 5 ավագ դպրոցներին ավելացել են ևս 6-ը:
Մարզի դպրոցներում աշխատում են շուրջ 2900 մանկավարժներ, իսկ վարչական աշխատողների հետ միասին այդ թիվը կազմում է 3400:
Նախնական տվյալներով 2011-2012 ուսումնական տարում մարզի դպրոցներում կձևավորվի 1712 դասարան` 36998 աշակերտներով: Առաջին դասարան կընդունվեն 3667 աշակերտ` նախկին տարվա 3455-ի համեմատ, կձևավորվի 149 դասարան: 2011-12 ուսումնական տարում նախատեսվում է ատեստավորումից առաջ վերապատրաստել մարզի մանկավարժների 20 %-ը /534 ուսուցիչ/:
Մարզային կրթական համաժողովին մաս են կազմել նաև դպրոցներում մանկավարժական թափուր աշխատեղերի համար իրականացվող մրցութային գործընթացի վերլուծությունները. այս գործընթացը համարվել է հանրակրթական դպրոցները մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու գլխավոր նախապայման:
Կրթական պահանջներին համապատասխան համակարգիչներով ապահովված են շուրջ 75 դպրոցներ, իսկ ինտերնետ կապով՝ բոլորը: Հայաստանի դպրոցների ինտերնետ միասնական ցանցին միացված 78 դպրոցներին ավելացել են ևս 7-ը, իսկ նոր ուսումնական տարում այդ ցանցին կմիանան բոլոր դպրոցները:
Մարզային կրթական համաժողովի կարևորագույն հատվածներից է եղել դպրոցականների առարկայական օլիմպիադաների վերլուծությունը;
Գնահատելի է համարվել այն փաստը, որ օլիմպիադայի առանձին առարկաների արդյունքներով գյուղական դպրոցները չեն զիջում քաղաքային դպրոցներին: Դրա վառ վկայությունն այն է, որ դիպլոմակիրներից 11-ը գյուղական դպրոցների աշակերտներ են: Օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները, թվով 90 աշակերտներ, 16 առարկաներից մասնակցել են հանրապետական փուլին և արդյունքում մարզի աշակերտներն ունեցել են 4` I կարգի , 5` II կարգի, 14` III կարգի դիպլոմներ, ինչպես նաև թվով 10 աշակերտներ արժանացել են գովասանագրերի:
Կրթական համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև 2011-2012 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցի ուս.պլանում ավելացված <<Շախմատ>> առարկայի ներդրման ու կայացման նկատմամբ առավելագույն ուշադրություն և հետևողականություն ցուցաբերելու պահանջները`շախմատի ուսուցումը դպրոցում համարելով սովորողների ինտելեկտուալ կարողությունների և մտքի ճկունության զարգացման կարևորագույն գործոն: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն իր խոսքում կարևորել է նաև դպրոց-համայնք կապի ու համագործակցության մոտեցումները և նշել, որ << Համայնքը չի կարելի է պատկերացնել առանց դպրոցի և դպրոցը բնականաբար չի պատկերացվում առանց համայնքի, ուստի սա պետք է ընկալել, որպես անխախտ ու անառարկելի մի կապ և կատարելագործել համագործակցությունն ու գործողությունների փոխհամաձայնեցումը>>:
Մարզային կրթական համաժողովի շրջանակներում քննարկվել են նաև դպրոցավարության բոլոր ուղղություններն ու մանրամասները և նախանշվել այն հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք նախատեսվում են նոր ուսումնական տարվա ընթացքում:
Իր ելույթում մարզի հանրակրթական դպրոցներում քրիստոնեական դաստիարակության աշխատանքներին և <<Հայ եկեղեցու պատմություն>> առարկայի դասավանդման դրվածքին է անդրադարձել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Մարզային կրթական համաժողովի ընթացքում նոր ուսումնական տարվա ընթացքում ոլորտի նորարություններին ու բարեփոխումներին է անդրադարձել ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի բաժնի պետ Ա. Պողոսյանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Կ. Հունանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև հանրակրթական դպրոցներում իրականացված աուդիտի արդյունքները: Մարզային կրթական համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Բյուրեղավանի քաղաքային և Նոր Երզնկայի գյուղական համայնքների ղեկավարները, Հրազդանի N13 ավագ և Բջնիի միջնակարգ դպրոցի տնօրենները:
Մարզային կթրական համաժողովի ավարտին Կոտայքի մարզպետի կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել մի շարք համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49