Նորություններ
Լրահոս
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
14.07.2011
Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով Կոտայքի մարզում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների եւ մարզի համայնքների ղեկավարներ, վերջիններիս աշխատակազմերի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ինչպես նաեւ մարզում գործող ջերմոցային տնտեսությունների, ՀԷԿ-երի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպում-քննարկմանը նախորդել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի պատվերով նկարահանված «Վերականգնվող էներգետիկա` ձեռքբերումներ եւ հեռանկարներ» խորագրով ֆիլմի ցուցադրությունը։
Քննարկման շրջանակներում հիշյալ հիմնադրամի փոխտնօրեն Հայկ Եսայանը համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել մարզում հիմնադրամի գործունեության վերաբերյալ` անդրադառնալով վերականգնվող էներգիայի ներուժի գնահատման, դպրոցների ջեռուցման վերականգնման, ենթավարկերի տրամադրման եւ այլ ասպարեզներում իրականացված աշխատանքերին, ինչպես նաեւ անապահով ընտանիքներին ցուցաբերված օժանդակությանը։
Այնուհետեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարների եւ էներգախնայողությունը որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր դիտարկելու վերաբերյալ։
Հանդիպման բանխոսները ներկայացրել են մարզում փոքր ՀԷԿ-երի կառուցման սխեմաներն ու վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունները, ինչպես նաեւ վերլուծել համայնքային շենքերում /հասարակական շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, արտաքին լուսավորություն եւ այլն/, ջերմոցային տնտեսություններում էներգախնայողության կիրառման վերաբերյալ հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Քննարկված թեմաներին մաս են կազմել նաեւ էներգախնայողության արդյունքում համայնքային բյուջեների ծախսերի նվազեցմանն ու քաղաքաշինական ծրագրերում էներգախնայողության նախատեսմանը վերաբերող հարցեր: