Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Զբոսաշրջությունը Կոտայքի մարզում

Առողջարանային ԵՎ ռեկրեացիոն տուրիզմ

 

  Արզնի առողջարանային քաղաք-հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երևանից դեպի հյուսիս 23 կմ հեռավորության վրա: Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռ (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5°C), զով, հաճելի ամառ (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22°C), և երկարատև, տաք աշուն: Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Արզնու հիմնական բուժիչ գործոններն են ածխաթթվաքլորիդահիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով:
Արզնու բուժական արժանիքները հայտնի են դեռեւս հին ժամանակներից։ Արզնու հանքային աղբյուրների վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են դեռևս 15-րդ դարի սկզբից։
Հատկապես ուշագրավ են Արզնու հանքային աղբյուրները, որոնք իրենց առողջարար ու հրաշագործ հատկություններով դարեր շարունակ մարդկության ուշադրության կենտրոնում են եղել։ Նույնիսկ հյուսվել են լեգենդներ, որոնցից մեկի համաձայն՝ Արզնիի անմահական ջրով բուժվում էին Արա Գեղեցիկի վերքերը, իսկ Տիգրան Մեծի արշավանքների ու պատերազմների փոքր դադարների ժամանակ զինվորների հոգնածությունն ու հիվանդությունները բալասանում էին հենց Արզնիում:
Այսօր էլ Արզնին շարունակում է լինել առողջավայր եւ հայտնի է իր հանքային ջրով, որտեղ գալիս են ոչ միայն զովանալու, այլև բուժվելու եւ կանխարգելիչ թերապիաներ ստանալու։ Արզնին հայտնի է հատկապես իր առողջարաններով, որոնք կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։ Առողջարանները հիմնականում մասնագիտացված են սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների, հենաշարժական ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման վրա։

   Բջնին, բացի պատմամշակութային վայրերից, հայտնի է իր հանքային ջրերով:
Բջնիի հանքային ջրերը ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատ քլորիդային, նատրիումական ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջրեր են, որ առաջանում են ներժայթուքներով ճեղքված փոխակերպային ապարներում։ Բջնիի ջրերն ուղղված են ստամոքսի նորմալ և բարձր արտազատության ֆունկցիաներով քրոնիկ գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, քրոնիկ կոլիտ և էնտերոկոլիտների, լյարդի և լեղատար ուղիների քրոնիկ հիվանդությունների, քրոնիկ պանկրիատիտների, նյութափոխանակության խանգարման հիվանդությունների, միզատար ուղիների քրոնիկ հիվանդությունների բուժմանը:

  Հանքավանը բալնեոկլիմայական առողջավայր է: Գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ դեպի հյուսիս: Հանքավան առողջարանային գոտին գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 1900 մ է։ Շուրջբոլորը անտառապատ լեռներ են։ Հանքավանի բուժիչ հիմնական միջոցներն են լեռնային կլիման և Հանքավանի հանքային ջուրը։ Հանքավանի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում և այդ բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը:
Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18