Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

                                                                         

    Կ Ո Տ Ա Յ Ք Ի  Մ Ա Ր Զ

Մարզկենտրոնը` ք. Հրազդան
Տարածքը` - 2076 քառ. կմ
Բնակչության թիվը - 316․734
քաղաքային - 207․674 /65.5%/
գյուղական - 109․060 /34․5%/
Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35
Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Կոտայքի մարզի պատմական, աշխարհագրական, ազգագրական տվյալները

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին  և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս են ցայտում /շատ լինելու պատճառով դրանց անվանում են <<40 աղբյուր>>): Կոտայքով են հոսում նաև Գետառն ու Ազատը, որոնք ունեն ոռոգիչ նշանակություն: Ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը (3032մ. բարձրություն), որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը: Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : Մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: Ազգաբնակչության 97,6 %- ը հայեր են: Ազգային փոքրամասնությունները հիմնականում բաշխվում են հետևյալ կերպ` եզդիներ, ասորիներ, ռուսներ, քրդեր: Համայնքների  տեղաբաշխվածությունն ըստ տարածաշրջանների ունի հետեւյալ տեսքը`
Հրազդանի տարածաշրջան - 38, 2 % (3 քաղաքային, 14 գյուղակամ համայնք)
Աբովյանի տարածաշրջան - 40,4 % (2 քաղաքային, 30 գյուղական համայնք)
Նաիրիի տարածաշրջան - 21,4 % (2 քաղաքային, 16 գյուղական համայնք )

    Հրազդանի տարածաշրջան

Գտնվում է Հրազդան գետի վերին  և միջին ավազանում: Տարածքի մեծ մասն ունի 1500 -2400 մ բարձրություն: Առավելագույն բարձր կետը Թեժ լեռան կատարն է`3101 մ : Հյուսիսում ձգվում են Մարմարիկի վտակներով խիստ մասնատված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, արեւելքում` Գեղամա լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան լեռնաճյուղերն ու լավային հոսքերը: Հարավ-արեւելքում բարձրանում են Գութանասար, Մենակսար հրաբխային կոները: Փամբակի և  Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թխկու, կաղնու, արոսենու անտառները: Կենդանական աշխարհին բնորոշ են եղջերուն, գայլը, աղվեսը, նապաստակը, արջը: Բազմազան է թռչնաշխարհը, կան միջատներ եւ սողուններ:
Հրազդանի տարածաշրջանում են գտնվում նախկին արդյունաբերական քաղաքներ Չարենցավանն ու Հրազդանը եւ հանգստյան ու առողջարանային քաղաք Ծաղկաձորը:
Գյուղական համայնքներն են` Ալափարս, Աղավնաձոր, Արզական,Արտավազ, Բջնի, Լեռնանիստ, Կարենիս, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Սոլակ, Ջրառատ, Քաղսի, Ֆանտան:

2017 թվականի նոյեմբերի 5-ի խոշորացման ծրագրով Մեղրաձոր համայնքը խոշորացավ՝ միավորվելով Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան և Մարմարիկ բնակավայրերի հետ։

2017 թվականի նոյեմբերի 5-ի խոշորացման ծրագրով Չարենցավան համայնքը խոշորացավ՝ իր կազմում ընդգրկելով Բջնի, Արզական, Ալափարս, Կարենիս և Ֆանտան բնակավայրերը։

    Աբովյանի տարածաշրջան

Գտնվում է Ազատ և Հրազդան գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա: Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթայի Աժդահակ լեռը` 3597մ բարձրությամբ և Ողջաբերդի լեռնաբազուկը: Հյուսիսում Հատիս (2528 մ) և  Գութանասար (2299 մ)լեռներն են` հանգած հրաբուխներով: Արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում` Նորքի բարձրությունը: Տարածքով անցնում են Գետառ, Հրազդան, Ազատ գետերը, որոնք ունեն ոռոգիչ նշանակություն: 3030 մ բարձրության վրա գտնվում է Ակնա լիճը: Աբովյանի տարածաշրջանում է գտնվում մեծ լուսավորչի անունը կրող քաղաք Աբովյանը և երիտասարդ քաղաք Բյուրեղավանը:
Գյուղական համայնքներն են` Ակունք, Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գեղաշեն, Զառ, Զովաշեն, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, , Սևաբերդ, Վերին Պտղնի, Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ:

2017 թվականի նոյեմբերի 5-ի խոշորացման ծրագրով Բյուրեղավան համայնքը խոշորացավ։ Համայնքին միացան Ջրաբեր և Նուռնուս գյուղերը։

2017 թվականին  Ակունք և Ջրվեժ համայնքները նույնպես խոշորացան։ Ակունքին միավորվեցին Սևաբերդ, Նոր գյուղ, Զառ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերը, Ջրվեժին՝ Զովքը և Ձորաղբյուրը։

Նաիրիի տարածաշրջան

Գտնվում է Քասախ եւ Հրազդան գետերի միջև, Եղվարդի հրաբխային սարավանդի վրա: Տարածաշրջանի առավելագույն բարձր կետը Արայի լեռան գագաթն է` 2575 մ: Այստեղ կլիման չոր ու ցամաքային է: Տարածված են հոտավետ օշինդրը, ուրցը, փետրախոտը, հացազգիները: Նաիրիի տարածաշրջանում են գտնվում  Եղվարդ և Նոր Հաճըն քաղաքները: Առաջինը հայտնի է մարզական հագուստի,  գինու և կոնյակի արտադրությամբ, իսկ երկրորդը` թանկարժեք քարերի մշակմամբ:
Գյուղական համայնքներն են` Արագյուղ, Արգել, Բուժական, Գետամեջ, Զովունի, Զորավան, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Սարալանջ, Քանաքեռավան, Քարաշամբ, Նոր Երզնկա, Պռոշյան, Քասախ:
  2017 թվականի նոյեմբերի 5-ի խոշորացման ծրագրով Եղվարդ համայնքը խոշորացավ՝ իր կազմում ընդգրկելով Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ բնակավայրերը։

Ընդհանուր պատմական տեղեկություններ

Կոտայքի մարզն իր մեջ ընդգրկում է Հրազդանի, Աբովյանի  և Նաիրիի նախկին վարչական շրջանները: Վարչատարածքային միավորը զբաղեցնում է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Կոտայք, Մազազ, Նիգ, Վարաժնունիք, Արագածոտն գավառների մի մասը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում նրա մոտավոր սահմաններն են եղել Գեղամա և Ծաղկունյաց լեռներից մինչև Արարատյան դաշտն ընկած սահմանները: Տևական ժամանակով նույնիսկ ներկայիս քաղաքամայր Երևանը մտել է Կոտայքի վարչատարածքային միավորի մեջ: Պատմամշակութային և հնագիտական արժեքները հիմք են տալիս հետևյալ եզրահանգմանը` Կոտայքի ներկայիս մարզի տարածքը մարդկային քաղաքակրթության զարգացման օրրաններից մեկն է: Ըստ որոշ վարկածների` Կոտայք անվանումն առաջացել է Խոսրով Կոտակի անունից, իսկ շատ ավելի հեղինակավոր մասնագետներ ու պատմագրական աղբյուրներ Կոտայք անվանը վերագրում են էթնիկական ծագում: Ըստ ուրարտական արձանագրությունների` մարզի տարածքն ընդգրկվում էր Էթիունի (Էթիունե) խոշոր ցեղային միության տիրապետության մեջ: Արշակունիների ժամանակ մարզի հիմնական տարածքը հանդիսացել է արքայական ոստան: Իսկ, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, Կոտայքի Արամոնս գյուղը եղել է կաթողիկոսական կալված: Բագրատունիների ժամանակ մարզի տարածքի մի մասը շնորհվել է Պահլավունիներին: Հետո այն պատկանել է Իվանե Զաքարյանին  և  նրան ենթակա հայ իշխաններին: 591թ. բաժանմամբ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև է բաժանվել նաև Կոտայքի գավառը: 7-րդ դարի երկրորդ կեսից այն եղել է Գրիգոր Մամիկոնյան իշխանի իրավասության տակ: Սելջուկ-թուրքերի տիրապետությունից հետո, 12-րդ դարի վերջից 13-րդ դարի 30-ական թվականները, այն եղել է Զաքարյանների գերիշխանության ներքո: 13-րդ դարից մինչև 15-րդ դարի սկիզբը այստեղ տիրել են Պռոշյան-Խաղբակյան իշխանները, իսկ որոշ տարածքներ պատկանել են Օրբելյան ընտանիքին, մասնավորապես Էլարի շրջանը: Այնուհետև Կոտայքում տիրել են թուրքմենական աղ-կոյունլու, կարա-կոյունլու ցեղերը, որից հետո այն եղել է Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ: 1604թ. Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ հազարավոր ընտանիքներ են տեղահանվել նաև Կոտայքի տարածքից: Պարսկաթուրքական տիրապետության ժամանակ Կոտայքի մարզի տարածքն ընդգրկել է Երևանի խանության Դարաչիչակի, Կըրխ-Բուլաղի, Գառնի-Բասարի (Կարբի-Բասարի0 մահալների մեջ: Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մինչ ՀԽՍՀ Վարչատարածքային բաժանումը, (1930թ.) մարզի տարածքը մտնում էր Նոր Բայազետի, Էջմիածնի  և Երևանի գավառների մեջ: Կոտայքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Հայկական հելլենիստական ճարտարապետության անկրկնելի մարգարիտն է արեւի աստված Միհրի պատվին կառուցված Գառնիի տաճարը (1-ին դար): Հայկական վիմափոր ճարտարապետության եզակի ու բարձրարվեստ կոթող է Այրիվանք-Գեղարդը: Բազիլիկ և ուշ շրջանի քրիստոնեական գեղեցիկ տաճարներ կան Ողջաբերդում, Եղվարդում, Արամուսում, Պտղնիում, Ծաղկաձորում, Բջնիում և Մեղրաձորում: Մարզի մի շարք տեղանուններ կապված են հայկական հնագույն ազգային պատմությունների հետ:

  Ընդերք. բնական ռեսուրսներ

 Մարզը հարուստ է օգտակար հանածոների` ոսկու, ալյումինի, երկաթի, պերլիտի, մարմարի, գրանիտի, լիտոիդային պեմզայի, նեֆելենային սիենիտների, անդեզիտի, հրաբխային խարամների, բազալտի, քարաղի, զանազան շինարարական նյութերի և հանքային ջրերի 3 խոշոր հանքավայրերով (Հանքավան, Բջնի, Արզնի): Երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվում բազմամետաղային, ոսկու պղինձ-մոլիբդենի, բազալտի, լիտոիդային պեմզայի, պաշարների հաստատման  և վերագնահատման ուղղությամբ: Զգալի են ջրային ռեսուրսների պաշարները (Գառնիի, Կաթնաղբյուրի, Սոլակի, Ալափարսի, Նուռնուսի, Արզականի, Գյումուշի, Մաքրավանի քաղցրահամ ջրերի աղբյուրներ), որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն մարզի բնակավայրերը, այլ նաև Երևան քաղաքը:

Գյուղատնտեսություն

Մարզում առկա հողային ռեսուրսներ` 209303 հա,  այդ թվում`

Վարելահողեր -37204 հա
Պտղատու այգիներ -4344 հա
Խաղողի այգիներ -169․7 հա
Խոտհարքեր -10834 հա
Արոտավայրեր -53935 հա
Ոռոգելի հողատարածքներ -18․591 հա

Մարզում գործում են 36125 գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ: Անասնաբուծությունն ու բուսաբուծությունը մարզի գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից են: Մարզում են գործում հանրապետության 3 խոշոր` Լուսակերտի, Արզնու եւ Գետամեջի թռչնաֆաբրիկաները: Մարզում գործող անասնապահական մթերքների արտադրության վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների գործունեությունում արտադրանքի աճի հետ մեկտեղ զգալի ավելացել են որակյալ և մրցունակ ապրանքները մի շարք ընկերությունների («Արզնի թռչնաֆաբրիկա»,  «Արտաշես» ՍՊԸ, «Լուսակերտ» թռչնաֆաբրիկա,  «Սավա» ՍՊԸ որոշ արտադրատեսակներ (պանիր, մուրաբաներ, ձու) արտահանվում եւ հաջողությամբ իրացվում են արտերկրում: 

Մարզի անտառային տարածքները կազմում են 22969 հա, որոնք պատկանում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղին` 22564 հա և ՀՀ Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին` 405հա:

 Ճանապարհաշինություն

Կոտայքի մարզի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 598,9 կմ, որից

Միջպետական նշանակության - 56․18 կմ

Հանրապետական նշանակության - 274․8 կմ

Մարզային (տեղական) նշանակության - 250․3 կմ

Միջպետական և հանրապետական նշանակության  ճանապարհների սպասարկումը կազմակերպվում է  ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից,իսկ մարզային ճանապարհներինը՝ մարզպետարանի կողմից։
Ըստ տարածաշրջանների մարզային ճանապարհային ցանցը ունի հետևյալ պատկերը.

Հրազդանի տարածաշրջանում -- 64,1 կմ

Աբովյանի տարածաշրջանում -- 123․7 կմ

Նաիրիի տարածաշրջանում -- 62․5 կմ

 Մարզի տարածքում մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանության աշխատանքները մրցույթների արդյունքներով իրականացնում են հետևյալ կազմակերպությունները`

Հրազդանի տարածաշրջան -- «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ

Աբովյանի տարածաշրջան -- «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ

Նաիրիի տարածաշրջան -- «Լիլիթ -87» ՍՊԸ

Մարզային ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանության աշխատանքները իրականացվում են ՀՀ պետական բյուջեից կատարվող ամենամյա հատկացումների սահմաններում:

Տրանսպորտ

Ներմարզային երթուղիների սպասարկման համար փոխադրող կազմակերպությունների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:
Մարզում գործում են ավտոբուսային և միկրոավտոբուսային 38 ներմարզային երթուղիներ, որոնցում շահագործման են ընդգրկված շուրջ 115 տրանսպորտային միջոցներ:

 Պատմամշակութային հուշարձաններ

Կոտայքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ եև հուշարձաններ:

 Գառնի

Հայկական հելլենիստական ճարտարապետության գլուխգործոցն է ԳԱՌՆԻԻ տաճարը` կառուցված Արևի աստված Միհրի պատվին, մ.թ. 1 -ին դարում: Չորս կողմից սյունազարդ է, սյուների թիվը` 24: Սկզբնական շրջանում տաճարը Տրդատ Գ-ի քրոջ` Խոսրովադուխտի ամառանոցն էր: Տաճարը կործանվել է 1679թ.` Երուանի երկրաշարժի հետևանքով: 1975 թ. այն վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի գլխավորությամբ:

     Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցի

Եղվարդի այս հոյակերտ եկեղեցին կառուցվել է 1301թ.: Եկեղեցու շրջակայքում տեղակայված են 30 խաչքարեր: Եկեղեցու ճակատի կենտրոնում սյուժետային պատկերաքանդակներ են:
Երկհարկ եկեղեցի-դամբարանը մինչև հիմա կանգուն է :

    Այրիվանք - Գեղարդ

Քրիստոնեական շրջանի հայկական վիմափոր ճարտարապետության եզակի ու բարձրարվեստ կոթող է ԱՅՐԻՎԱՆՔ - ԳԵՂԱՐԴԸ: Գեղարդա վանքի հիմնադրումը վերագրվում է 3-4դդ. Գրիգոր Լուսավորչին և Սահակ Պարթև կաթողիկոսին: Գեղարդ անունը գործածական է դառնում 13-րդ դարում, երբ այստեղ է բերվում այն գեղարդը, որով իբր խոցել էին Քրիստոսին: Վանքի ճարտարապետական համալիրը հիմնականում կառուցվել է 13-րդ դարում: Գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարյան տոհմի հայ իշխանների օրոք` 1215 թ., գավիթը` 1215-1225 թթ.: 13-րդ դարի կեսերին Գեղարդա վանքը Զաքարյաններից գնում է Պռոշ իշխանը և ձեռնարկում վիմափոր եկեղեցու շինարարությունը, որն ավարտվում է 1230-1250թթ`. ճարտարապետ Գալձակի գլխավորությամբ: Վիմափոր երկրորդ եկեղեցին կառուցվել է 1283-1288թթ, որին կից ժամատուն-տապանատունը Պռոշյանների տոհմական դամբարանն էր:

 

 Բջնիի բերդ

Հոգևոր-մշակութային նշանավոր կառույց է Բջնիի բերդը` 1031թ. կառուցված սբ. Աստվածածին եկեղեցիով: կառուցել է Գրիգոր Պահլավունին: Ունի 1031 թ.` Գրիգոր Մագիստրոսի շինարարական արձանագրությունը: Կա նաև Զաքարյանների եկեղեցու վերաշինման արձանագրությունը:
  

   Կեչառիս վանական համալիր

11-13 -րդ դարերում կառուցված Կեչառիս վանական համալիրը համարվում է նաև Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի:
Եղել է Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: 9 -րդ դարից հետո պատկանել է Պահլավունի տոհմին, որոնք կառուցել են Կեչառիսի վանքը: Զաքարյանների ժամանակ պատկանել է Պռոշյաններին:
Համալիրն ունի ` 5 եկեղեցի, 2 մատուռներ, գերեզմանոց, 30 խաչքարեր: Արդեն լրացել է վանքի 1000 - ամյա տարեդարձը: 

Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

Մարզի 44 համայնքներում բնակվում են ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն և այլ ազգերի ներկայացուցիչներ:

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-19 10:12:26