Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղ

Մակերես` 380կմ2

Բնակչություն` 5741

ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեղրաձոր համայնքը մարզկենտրոնից գտնվում է 15կմ, մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Մեղրաձոր համայնքը:
Մեղրաձոր համայնքը բազմաբնակավայր համայնք է:
Մեղրաձոր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Մեղրաձոր գյուղը: Համայնքի բնակավայրերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի բնակավայրերը շրջապատված են անտառներով: Անտառնները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով , մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով:
Մեղրաձոր համայնքի բնակավայրերում կա եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր:
Մեղրաձոր համայնքը բարենպաստ պայմաններ ունի զբոսաշրջության զարգացման համար և իր կանաչապատ,հարուստ բնությամբ միշտ էլ գրավել է բոլորի ուշադրությունը:
Մեղրաձոր համայնքի բնակավայրերի վարչական տարածքի, առկա և մշտական բնակչության, տնային տնտեսությունների ցուցանիշները

Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Զովաբեր, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր համայնքներին և ՀՀ Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերին:
Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:

ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂ

մակերեսը - 12429 հա

Բնակչության թիվը – 2711

ներկայիս անվանումը – Մեղրաձոր
պատմական անվանումները - Թեժառույք, Թայչարուխ
հիմնադրման ժամանակաշրջանը -1830թ
Հեռավորությունը մայրաքաղաքից - 60կմ
Բնակչության կազմը – հայեր, ռուսներ
Օգտակար հանածոներ - ոսկի, պղինձ, նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումին
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - մարզամշակութային կենտրոն
Արտադրական ձեռնարկություններ – չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղացիական տնտեսություն է /անասնապահություն , հողագործություն և մեղվաբուծություն /։
Հայտնի մարդիկ - Հակոբյան Թևոս Ղազարի տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ղարիբյան Իգիթ Գարեգինի պատմական գիտությունների դոկտոր, Մկրտչյան Ավետիք Թաթոսի տնտեսական գիտությունների դոկտոր, Խաչատրյան Սամվել Համազասպի տեխնիկական գիտությունների դոկտոր, Կարապետյան Կորյուն Աշոտի տեխնիկական գիտությունների դոկտոր, Մինասյան Վրեժ Խաչատուրի փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սարգսյան Լևոն Սարգսի տեխնիկական գիտությունների թեկնածուի, Ներսիսյան Մելիք Գուրգենի տեխնիկական գիտություների թեկնածու
Հոգևոր կառույցներ - Սուրբ Աստվածածին եկեղեցի, կաթոլիկ վանք /1190 թվական/
Պատմամշակութային հուշարձաններ - Մեծ հայրենականում զոհվածների հուշարձան
Համայնքի մասին գրքի առկայություն - առաջին գիրքը <<Արծափ-Մեղրաձոր>> 2006թ. Հեղինակ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Ղարիբյան, երկրորդ գիրք <<Մեղրաձոր>> 2008թ. հեղինակ` մանկավարժ Ալեքսան Հարությունյան
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մեղրաձո'րը սարերի, ձորերի, կարկաչուն աղբյուրների, ու թավուտ անտառների գյուղ է։
Գորշ են սարերը, գորգանման անտառները, անտառամերձ գոտու և տեսարժան վայրերի առկայությունը տալիս է տուրիզմի զարգացման հնարավորություն։
Գյուղը գտնվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի /Հրազդանի աջակողմյան վտակներ/ դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Փամբակի հարավահայոց լանջերը լերկ են, ժայռոտ ու կտրտված։ Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով և նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումինը գերակշիռ է։ Մեղրաձորում գործում է ոսկու հանքը 1987թվականից։
Համայնքի պատմական անվանումներից է Թեժառույք և Թայչարուխ:
Թեժառույք կոչվել է անտիկ ժամանակներից մինչև 17-րդ դարի սկիզբը Մարմարիկ Մեղրաձոր թեժ գիծ արագահոս գետերի դելտայում գտնվելու համար։ Անվան արմատներն են <<Թեժ>> և <<Առու>> բառերը:
Թայչարուխ կոչվել է 17-րդ դարի կեսերից մինչև 1946թ։ Պարսից Աիրգունա-խանը դեպի Թուրքահայաստան մի քանի արշավանք է կատարել և մուսուլման բնակչությանը բռնագաղթեցրել անմարդաբնակ հայկական տարածքներ։ Թեժառույքում հաստատվել են թուրք-կարակալպակներ, որոնք էլ նոր բնակավայրին տվել են իրենց հնչմամբ Թայչարուխ անունը։ Անունն առաջացել է թուրքերեն <<Թայ>>-զույգ և <<Չայ>>-գետ բառերի բարդացումից, որ նշանակում է զույգ գետերի արանքում գտնվող բնակավայր։
Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին: Գյուղը հայերով կրկին վերաբնակեցվել է 1830 թվականի մայիսին տաճկահայաստանի Բայազետի փաշայության Արծափ գյուղից արտագաղթածներով /52 ծուխ, 336 շունչ/։
Մեղրաձոր- ՀՍՍՀ գերագույն խորհրդի 30.05.1946թ. որոշմամբ, ի թիվս հանրապետության բազում այլ բնակավայրերի, Թայչարուխը վերանվանվեց Մեղրաձոր։
Համայնքում առկա է թվով վեց բազմաբնակարան շենքեր, 154 բնակարանով, որում ապրում են հիմնականում դրսեկ հայեր, և 25 ծուխ Ադրբեջանից փախստական հայեր։
Գյուղում գործում են հիմնանորոգված դպրոցը 360 աշակերտով, 33 ուսուցչով, մանկապարտեզը` 12 հաստիքով 63 երեխայով, մարզամշակութային կենտրոնը` 12 հաստիքով, որտեղ գործում է դաշնամուրի, դուդուկի, դհոլի, պարի, ձյուդո ըմբշամարտի խմբակներ, որտեղ հաճախում են 100 աշակերտ։ Գյուղապետարանի աշխատակամը 13 հաստիք, որից քաղաքական պաշտոն` 1 համայնքի ղեկավար` հայցողական պաշտոններ 2, համայնքային ծառայողներ 5, տեխնիկական սպասարկողներ 5։
Գործում է կապիտալ նորոգված բժշկական ամբուլատորիան 15 հաստիքով, 2 բժիշկներով:
Գյուղը տվել է գիտության նվիրյալներ 10 գիտնական, որոնցից 4-ը դոկտորի, 6-ը գիտության թեկածուի գիտական աստիճան ունեն, 2-ը պրոֆեսորի կոչումով։
Գյուղի դիմաց, 2կմ անտառապատ մի հրվանդանի վրա 1190-ականներին վրացահայ իշխան-զորավար Իվանե Զաքարյանի պատվերով կառուցվել է կաթոլիկ վանք, որը վնասվածքով կանգուն է մինչ օրս։
Գյուղամիջում է սուրբ Աստվածածին եկեղեցու 2 շենքը /առաջինը փայտածածկ մատուռ է եղել/, որը
կառուցվել է 1881թ. և գործել է մինչև 1931թ.։ 70 տարի շարունակ նպատակին չի ծառայել, հետո համայնքի ղեկավարի օգնությամբ, բարերարների նվիրատվությամբ և համայնքի բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել և օծվել է 2011թ հոկտեմբերի 15-ին:
Գյուղում բնակեցված է 60 տոհմ ու տոհմաճյուղ։ Գրվել է 24-ի համառոտ պատմությունը, կազմվել է տոհմածառը։
Գյուղը տվել է Մեծ հայրենականում 186, Արցախի հերոսամարտում 10 զոհ: 1980 թվականնեին կառուցվել է Մեծ հայրենականում զոհվածների հուշարձան, որը դարձավ ոչ միայն խնկարկելի սրբավայր, այլ նաև ուխտատեղի։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36